Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ զինվորականներին հրաման է տվել անհրաժեշտ ամեն ինչ անել «իրանական սպառնալիքին» հակազդելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ես ոչ մի տեղում Իրանին իմունիտետ չեմ տրամադրում, Իրանը պետություն է, որը երդվել է ոչնչացնել Իսրայելին: Նա փորձում է ամենուրեք մեր դեմ բազաներ ստեղծել. Իրանում, Լիբանանում, Սիրիայում, Իրաքում, Եմենում»,-Իսրայելի 9-րդ ալիքին տված հարցազրույցում ասել է վարչապետը:

Հաղորդավարի հարցին՝ արդյոք Իսրայելը գործում է Իրաքում Իրանի ուժերի դեմ, Նեթանյահուն ասել է. «Մենք գործում ենք շատ թատերաբեմերում մի պետության դեմ, որը ձգտում է ոչնչացնել մեզ, ես անվտանգության ուժերին հրաման եւ ազատություն եմ տվել անհրաժեշտ ամեն ինչ անել՝ Իրանի այդ դավադրությունները վերացնելու համար»: