Ամուլսարի ոսկու հանքավայրի գործունեության վերականգնման պատմությունը կոռուպցիոն բաղադրիչ ունի: Օգոստոսի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Կանաչների միության» նախագահ, բնապահպան Հակոբ Սանասարյանը:

Նրա խոսքով՝ հանքավայրի շահագործման նախագիծը ներկայացրել է «Lydian Armenia» ընկերությունը՝ Ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության եւ տարբեր նախարարությունների աջակցությամբ: Սանասարյանը նաեւ հայտարարեց, որ Վայքում, Եղեգնաձորում եւ Ջերմուկում կենտրոնացված են մեծ թվով ոստիկանական ուժեր, որը շարունակում է աճել: «Նրանք բնակարաններ են վարձակալում, տեղավորվում են զորամասերում եւ անգամ ավտոբուսների մեջ են քնում»,- շեշտեց բնապահպանը՝ հավելելով, որ առանձնապես ուշագրավ է Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հայտարարությունն այն մասին, թե այն ոստիկանները, որոնք անհրաժեշտության դեպքում քաղաքացիների նկատմամբ ուժ չեն կիրառի, կպատժվեն իրենց անմիջական ղեկավարության հետ միասին:

Նա նշեց, որ լեռնահանքային արդյունաբերության մեջ այնպիսի կոռուպցիոն մեխանիզմներ են ստեղծվել, որ ըստ օրենքի պետական միջոցները, որոնք քաղաքացիների սեփականությունն են, առանձին արտոնյալ ընտանիքների համար դառնում են շահույթ ստանալու օբյեկտ: