Վայոց ձորի ՀՀԿ-ական նախկին մարզպետ, ներկայումս ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանն այսօր՝ օգոստոսի 23-ին Ջերմուկում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ  իր դիտարկումները:

«Սկզբում նախատեսված էր ոսկու կորզման ֆաբրիկան տեղակայել Սյունիքի մարզի Գորայք համայնքում, որը Սպանդարյան ջրամբարի ջրավազանում էր: Մեր կողմից պահանջ դրվեց, իրենք իրենց ամբողջ լոգիստիկ սխեմաները փոխեցին, ոսկու գործարանը դրեցին Գնդեւազից ներքեւ, Կեչուտի ջրամբարից ներքեւ, որպեսզի այդ մնացորդային ջրերը ջրամբար չլցվեն»,-ասաց Էդգար Ղազարյանը՝ հավելելով, որ նախագծում էական փոփոխություն են տեղի ունեցել:

Նրա խոսքով, այն, որ ընկերությունը դեռ 2011-ին շահագործման իրավունք ուներ, բայց ուշացել է, պատճառը եղել է այն, որ ստիպված են եղել նախագծերում փոփոխություն կատարել:

«բացի ջրերից հանքը այլ պրոբլեմներ էլ ունի: Հանքը ակտրվորեն կարող է շահագործվել միայն ամառվա ամիսներին, որովհետև ձմռանն այնտեղ մետրով ձյուն է լինում: Իսկ ամռան ամիսներին հանքի շահագործումը ենթադրում է օրական 10-25 պայթեցում, ամեն պայթեցումից հետո բարձրանում է մոտ 25 տոննա փոշի: Հիմա ինչ փորձագիտական եզրակացություն էլ ուզոել անել, հնարավոր չէ, որ այդ փոշին այս քաղաքի վրա չանդրադառնա: Էլ չեմ խոսում հանքաքարի տեղափոխման և այդ աղմուկի մասին»,- ընդգծեց նախկին մարզպետը:

Փաշինյանի համար նորություն էր, որ նախագծերում այդպիսի խոշոր փոփոխություն է եղել ժամանակին. «Այդ փոփոխության մասին ես կարող է ավելի մանրամասն հետաքրքրվեմ»: