NEWS.am–ին նոր մանրամասներ են հայտնի դարձել օգոստոսի 22–ին Դավթաշենի ռեստորաններից մեկի մոտ երեք անձի դանակահարության դեպքի մասին։

Մեր տեղեկություններով՝ Դավթաշենում գործող «Արայի ամրոց» ռեստորանային համալիրի խոհարարն ու մատուցողը միմյանց հետ վիճաբանել են պատվերն ուշացնելու հարցի շուրջ։ Վիճաբանությանը միջամտել են մյուս մատուցողները։ Արդեն հյուրանոցի բակում 30-ամյա Արկադի Ա–ն  իր մոտ եղած դանակով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել երեք աշխատակիցների, որոնց անմիջապես տեղափոխել են հիվանդանոց։

ՀՀ քննչական կոմիտեից NEWS.am–ին հայտնեցին, որ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (երկու կամ ավելի անձանց дիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով : Բժշկական կենտրոն տեղափոխված երեք անձինք ճանաչվել են տուժող:

Ավելի վաղ հայտնել ենք, որ երեկ՝ օգոստոսի 22-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 3 անձ՝  Երևանի բնակիչներ 23-ամյա Ռաֆիկ Թադևոսյանը, 24-ամյա Հակոբ Գևորգյանը և  Կոտայքի մարզի բնակիչ՝ 25-ամյա Դավիթ Թովմասյանը։ Ավելի ուշ պարզվել է, որ երիտասարդները վնասվածքներ են ստացել ժամը 22։30-ի սահմաններում Դավիթաշեն 4-րդ թաղամասում գործող «Արայի ամրոց» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։