Մենք վարչապետին ընդունել ենք այն տրամադրությամբ, որ նա պետք է լինի հայ ժողովրդի, մասնավորապես Ջերմուկի ժողովրդի կողքին: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 23-ին, Ջերմուկում NEWS.am-ի հետ զրույցում նշեց Ջերմուկ քաղաքի բնակիչ Եղիշե Զաքարյանը:

Նրա խոսքով, Ջերմուկն այսօր մեծ խնդրի առաջ է կանգնած. «Ջերմուկը համարվում է Հայաստանի միակ կուրորտային քաղաքը եւ վստահ կարող եմ ասել, որ քաղաքի 99 տոկոսը դեմ է հանքարդյունաբերությանը: Ինչ հանքը փորձել են շահագործել, Ջերմուկն ունեցել է մեծ վնասներ: Կեչուտի գյուղացիների անասունները, որոնց արոտավայրերը «Լիդիանի» ջարդիչ կայանի հարակից տարածքում են, այտեղ նախ ջուրը չեն խմում, խոտը չեն ուտում: Մենք չենք կարողանում կաթը հանձնել, որովհետեւ երբ լսում են, որ Ջերմուկից է, դժվարությամբ ենք վաճառում»,-ասաց նա՝ հավելելով, որ Ջերմուկում աշխատանքի մեծ խնդիր չկա եւ «Լիդիանի» առաջարկած աշխատատեղերն իրենց չեն հետաքրքրում:

Ջերմուկցին նշեց, որ Ամուլսարն ունի թունել, որով ջրերը գալիս թափվում են Կեչուտի ջրամբար, իսկ այդ ջրամբարը սնուցում է Սեւանա լիճը:

Ինչ վերաբերում Նիկոլ Փաշինյանի այցին, նա ասաց, որ իրենք հույս ունեին, որ այսօր վարչապետը հստակ որոշում կկայացնի, սակայն նա միայն ասել է, որ նորից «Էլարդի» հետ կխոսեն եւ այլն:

Նա հավելեց, որ շատ դժվար էր Նիկոլ Փաշինյանի համար գտնել մի ջերմուկցու, որը կողմ կլինի հանքին:

«Հանքը չպետք է աշխատի: Եթե փորձեն մեզ տրորելով, իրավապահ ուժերով կյանքի կոչել իրենց ծրագիրը, դա կդիտվի որպես «մարտի 1»: Կդիտվեն որպես սերժահանրապետական ինչ-որ մի բան»,-ասաց նա՝ հավելելով, որ ոչ մի փորձաքննություն չի կարող համոզել ժողովրդին, որ հանքը բնությանն ու ժողովրդին վնաս չէ:

Եղիշե Զաքարյանը հավելեց, որ իրենք եւս նկատել են, որ դրսից բերված ոստիկաններ կան Ջերմուկում. «Երբ հարցնում ենք, թե ինչու են եկել, չեն պատասխանում: Էսօր ոստիկաները եկել է, որ ի՞նչ անի, դուբինկով տփի, սպանի՞ խաղաղ ժողովրդին»: