Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Փարիզում հանդիպելուց հետո Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը կայացած բանակցությունները բնութագրել է   որպես «լավ եւ կառուցողական»: Ելիսեյան պալատում Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպումից հետո  այս մասին լրագրողներին ասել է Իրանի արտգործնախարարը, հայտնում է Mehr-ը:

Ըստ Զարիֆի՝ այս հանդիպումը Մակրոնի եւ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի վերջին հեռախոսազրույցների շարունակությունն էր:

«Ֆրանսիան առաջարկներ է ներկայացրել իրանական միջուկային ծրագրի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իրականացման եւ այն քայլերի վերաբերյալ, որոնք կողմերը պետք է ձեռնարկեն, եւ  մենք, մեր կողմից, առաջարկ  արեցինք,  որ ԳՀՀԾ-ն ամբողջությամբ իրականացվի», - լրագրողներին ասել է Իրանի արտգործնախարարը:

Ֆրանսիայի նախագահի հետ խորհրդակցությունները որակելով «լավ եւ կառուցողական»՝ Զարիֆը շեշտել է, որ խորհրդատվությունների հաջողությունը կախված է նրանից, թե ինչպես ԵՄ-ն կկատարի ԳՀՀԾ-ի իր պարտավորությունները:

Նա նշել է, որ Ֆրանսիայում կայանալիք  G7 գագաթնաժողովը Մակրոնի եւ այլ եվրոպական կողմերի համար հնարավորություն է ԳՀՀԾ վերաբերյալ  բանակցություններն անցկացնել  G7-ի երկրների հետ:

Իրանի արտգործնախարարը նաեւ նշել է, որ Իրանը կշարունակի բանակցությունները, եւ Ռոհանիի հետ Մակրոնի շփումները նույնպես կշարունակվեն:

Զարիֆը շեշտել է, որ Իրանի մոտեցումը շատ հստակ է եւ ԳՀՀԾ-ն չի կարող վերանայվել, բայց Իրանը պատրաստ է շարունակել Իրանի միջուկային ծրագրի գործողությունների Համատեղ համապարփակ ծրագրի իրագործման վերաբերյալ բանակցությունները ինչպես դա արվել է ԳՀՀԾ համատեղ հանձնաժողովի շրջանակներում բանակցությունների ընթացքում: