Ֆրանսիան եւ Իռլանդիան հայտարարել են, որ չեն վավերացնում Հարավային Ամերիկայի երկրների հետ ծավալուն առեւտրային համաձայնագիրը, քանի դեռ Բրազիլիան ավելին չկատարի Ամազոնիայի տրոպիկական անտառներնում հրդեհների դեմ պայքարի համար, հաղորդում է BBC News-ը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Բրազիլիայի առաջնորդ Ժաիր Բոլսոնարուն ստել է նրան կլիմայական փոփոխությունների հարցում իր դիրքորոշման մասին:

Բացի այդ ԵՄ երկրների առաջնորդներն արտահայտել են իրենց անհանգստությունը Բրազիլիայի անտառներում հրդեհների կապակցությամբ, իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ նա խիստ անհանգստացած է այդ արժեքավոր բնական միջավայրի ողբերգական կորստի թողած ազդեցության առնչությամբ:

Իսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ընդգծել է, որ Ամազոնիայի անտառներում հրդեհները սպառնում են ոչ միայն Բրազիլիային եւ հարեւան երկրներին, այլ նաեւ ամբողջ աշխարհին:

Ավելի վաղ Բրազիլիայի Տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտը ներկայացրել էր հետազոտության տվյալները, որոնց համաձայն՝ Ամազոնիայի խոնավ տրոպիկական անտառներում այս տարի գրանցվել է հրդեհների ռեկորդային քանակություն: