Կրասնոդարի մարզի Արմավիրի մերձակայքում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար, որի հետեւանքով զոհվել է 4 մարդ եւ տուժել 6-ամյա երեխա, հաղորդում է «Կուբանսկիե նովոստի»-ն:

Ավտովթարը տեղի է ունեցել օգոստոսի 23-ին, ժամը 17.40-ի շրջանում «Կավկազ» դաշնային ավտոճանապարհի 172-րդ կիլոմետրում Զավետնի գյուղի մոտ:

Նախնական տվյալներով՝ միմյանց են բախվել Nissan Qashqai քրոսովերն ու Opel Zafira մինիվենը:

Վթարի հետեւանքով ստացված վնասվածքների պատճառով տեղում մահացել են երկու վարորդները, ինչպես նաեւ Opel-ի երկու կին ուղեւորները: Հոսպիտալացվել է Opel-ի ուղեւոր 6-ամյա աղջիկը:

Ներկայումս ՃՏՊ-ի վայրում աշխատում են ճանապարհատրանսպորտային ծառայության աշխատակիցներն ու օպերատիվ քննչական խումբը: Դեպքի մանրամասները պարզվում են:

Որոշվում է քրեական գործ հարուցելու հարցը: