Էքզոմոլորակների հայտնագործումն արագացրել է մեր Արեւային համակարգի սահմաններից դուրս կյանքի փնտրտուքը: Այդ երկնային մարմինների հսկայական հեռավորությունը նշանակում է, որ դրանց գրեթե հնարավոր չէ հասնել տիեզերական սարքերի միջոցով: Այդ իսկ պատճառով գիտնականներն օգտագործում են աստղադիտակներ հասկանալու համար, թե ինչպիսի պայմաններն են գերակշռում տարբեր էքզոմոլորակներում: Այդ դիտարկումների վերլուծությունը թույլ է տալիս մշակել կլիմայի եւ էվոլյուցիայի բարդ մոդելներ, որոնք թույլ կտային գիտնականներին պարզել, թե այդ առանձին մոլորակներից որոնցում կարող է կյանք լինել, գրում է Naked Science-ը:

Նոր աշխատության մեջ գիտնականները մոդելավորել են էքզոմոլորակների տարբեր տեսակների համար հավանական պայմանները ROCKE-3-D ծրագրային ապահովման միջոցով, որը ստեղծվել էր էքզոմոլորակների տարբեր տեսակների կլիման եւ օվկիանոսային բնակության միջավայրը կանխատեսելու համար: Էքզոմոլորակների ոչ բոլոր օվկիանոսները, ըստ գիտնականների, կարող են կյանք ունենալ: Դրանցից մի քանիսում կարող է լինել չափազանց բարձր ջերմաստիճան կամ բարձր լինել կյանքի բարդ ձեւերի ստեղծմանը խոչընդոտող նյութերի պարունակությունը:

Բազմաթիվ էքզոմոլորակների վերլուծությունը թույլ է տվել գիտնականներին պարզել, թե դրանցից որոնք ունեն լավագույն հնարավորությունները ծաղկող կենսոլորտ զարգացնելու եւ պահպանելու համար: Օվկիանոսի շրջանառության մոդելն օգնել է հետազոտողներին հայտնաբերել, որ մթնոլորտի առավել բարձր խտությունը, պտույտի առավել ցածր արագությունն ու մայրցամաքների առկայությունը կարող են հանգեցնել ջրային կյանքի զարգացման ավելի արագ տեմպերին: Սակայն գիտնականները նշում են, որ մարդկությունը դեռեւս չի հասել տեխնիկայի զարգացման այնպիսի մակարդակի, որի շնորհիվ հնարավոր կլիներ հայտնաբերել կյանքի նշաններ էքզոմոլորակներում: Հետազոտողների խոսքով՝ այդ տեխնոլոգիայի համար միշտ կլինեն սահմանափակումներ: Այն կարող է միայն ցույց տալ, թե որ աշխարհներում մենք չպետք է կենտրոնացնենք ուշադրությունը, եթե ցանկանում ենք գտնել կյանք Երկրից դուրս: