Նոր Զելանդիայի դեսպան Մերի Թերսթոնը դիմել է Ուկրաինայի ԱԳՆ-ին խնդրանքով միջոցներ ձեռնարկել Բրենթոն Թարանթի ռասիստական մանիֆեստի տեսքստի թարգմանության տարածումը կանխելու համար. Թարանթը հրաձգություն էր իրականացրել Քրայսթչերչի մզկիթներում եւ սպանել տասնյակ մարդկանց, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:

Ինչպես հաղորդում է «Գրոմադսկե»-ն՝ հղում կատարելով Ուկրաինայի ԱԳ նախարարությանը, ավելի վաղ Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հայտարարել էր ուկրաինական կողմին դիմելու մտադրության մասին այն հարցի շուրջ, որ Ուկրաինայում իբրեւ մեսինջերների միջոցով տարածում են Թարանթի 87 էջանոց մանիֆեստի տպագիր տարբերակը:

«Ուկրաինական կողմը մտահոգված է այդպիսի նյութեր Ուկրաինայում տարածելու տեղեկատվությամբ: Համոզված ենք, որ ուկրաինական հասարակության մեջ չպետք է տեղ լինի ռասիզմի, նեոնացիզմի եւ կրոնական ատելության համար»,-նշել են ԱԳՆ-ում: Գործակալությունը նշում է, որ օգոստոսի 14-ին Bellingcat-ի ակտիվիստները հրապարակել են հետաքննությունն այն մասին, թե ինչպես են Թարանթի մանիֆեստի թարգմանությունները տարածվում Ուկրաինայում եւ Ռուսաստանում: Մասնավորապես, Ուկրաինայում ահաբեկչի գաղափարները սկսել է առաջ քաշել ուկրաիներեն Telegram-ալիքներից մեկի ադմինիստրատորը, որն ուներ հազարավոր հետեւորդներ: Նա գտել էր հրատարակչին, որը համաձայնություն էր հայտնել հրատարակել մանիֆեստի տպագիր տարբերակը, եւ հրապարակել էր առաջին հրատարակության լուսանկարը: Փաստաթղթի տպագիր օրինակները վաճառվել էին հետաքրքրված անձանց շրջանում յուրաքանչյուրը 100 գրիվնա արժողությամբ: