Քննչական կոմիտեն գրագողությամբ է զբաղվում՝ չնշելով տեսանյութի իրական հեղինակին, մինչդեռ այն ստեղծել է «Լիդիանը» եւ տեղադրել է իր ալիքում հեղափոխությունից երկու շաբաթ առաջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  Տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Ամուլսարի շահագործման վնասները մեղմող միջոցների մասին ՔԿ հրապարակած  հոլովակին։

Նրա ամբողջական գրառումը՝ ստորեւ․

«Քննչական կոմիտեն իր յություբյան էջի վրա տեղադրել է տեսանյութ Ամուլսարի վերաբերյլա մուլտֆիլմով։ Տեսանյութը չունի ոչ մի նկարագրություն։ Նույն բանը տեղադրվել է կայքի վրա։ http://www.investigative.am/ne…/view/3d-holovak-amulsar.html

Նկարագրող տեքստը հետեւյալն է․ «ՀՀ քննչական կոմիտեի կողմից հրապարակված 3D հոլովակում ներկայացվում են մի շարք մեղմման և լրացուցիչ միջոցառումներ, որոնք ստանձնել է իրականացնել «Լիդիան Արմենիա» ընկերությունը:»

Ըստ տեքստի, ստացվում է, որ տեսանյութը Քննչականին է պատկանում եւ իր կողմից է արտադրված։

Մինչդեռ սա Լիդիանի կողմից ստեղծված տեսանյութ է, որը տեղադրվել է իրենց ալիքում հեղափոխությունից երկու շաբաթ առաջ https://www.youtube.com/watch…

Այս փաստերի հավաքածուն ստեղծում է անթույլատրելի արարքների մի շղթա։ Սկսած նրանից, որ Քննչականը, փաստացի, գրագողությամբ է զբաղվում՝ չնշելով իրական հեղինակին։ Վերջացրած նրանով, որ Քննչականը զբաղված է Լիդիանի փիառով եւ փորձում է հաարակական կարծիքը մանիպուլացնել։

Վերջում ձեռքի հետ նշեմ, որ Քննչականի կայքում ներքեւի հատվածում սոցցանցերի հղումներ են, որոնք պարզապես խնդալու են ֊ Ֆեյսբուքը հղումը տանում դեպի արգելափակված օգտատեր, Թվիթերինը պարզապես Թվիթերի վրա է տանում, ինչպես նաեւ առկա է Գուգլ Փլասի հղումը, ֊ տվյալ սոցցանցը այլեւս գոյություն չունի։

Եկեք միասին բարեփոխենք պետական համակարգը եւ շտկենք սխալները»։

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն օգոստոսի 23-ին  հրապարակել է 3D հոլովակ, որտեղ ներկայացվում են մի շարք մեղմման և լրացուցիչ միջոցառումներ, որոնք ստանձնել է իրականացնել «Լիդիան Արմենիա» ընկերությունը։