Երեկվանից էլի սկսել են արտասահմանյան համարներից զանգել մարդկանց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տեղեկատվության անվտանգության հարցերի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ նշելով, որ բազմաթիվ մարդիկ են իրեն այդ հարցով գրում՝ տեղեկատվական տեսանյութ է հրապարակել։

«Նմանատիպ զանգերի հետևում հիմնականում կազմակերպված ժուլիկներն են կանգնած։ Թե ինչու կարող են ձեզ զանգահարել նման համարներից՝ մի քանի պատճառ կա։

Հիմնականը փորձել գումար կորզելն է։ Այսինքն, համարը իրականում վճարովի ծառայություն մատուցող համար է։ Եթե ձեզ զանգում են, միակ վտանգն այն է, որ դուք հետ կզանգեք։

Եթե հետ զանգեցիք, ձեզանից գումար կգանձվի։ Բախտավոր են նրանք, ովքեր կանխավճարային են, այսինքն ուղղակի գումարը կվերջանա ու կանջատվի, հետվճարայինները կարող է լուրջ քաշվեն։ Նույնը անում են, օրինակ, Viber-ով, Viber out ծառայության միջոցով։

Հաջորդ տարբերակը, որն ավելի վատն է, հոգեբանական ճնշման ձև է։ Այսինքն, զանգվածային զանգեր են անում, օրինակ, գիշերով հակառակորդին ճնշելու համար։ Կարող են զանգել ու չխոսել՝ հակառակորդին ահաբեկելու համար, կամ զանգեն ու վախեցնեն։

Կա նաև, օրինակ, հեռախոսի աշխատանքը խափանելու ձև, որը կիրառել են ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ․ անընդհատ զանգերի ու հաղորդագրությունների միջոցով խափանել պաշտոնյաների հեռախոսի աշխատանքը։ Սրանք արվում են պատերազմների ժամանակ։

Ընդհանրացնելով, եթե դուք ստացել եք զանգ անծանոթ համարից և նույնիսկ պատասխանել եք, դրա մեջ վտանգ չկա։ Կարևորը հետ չզանգելն է»,- ասել է նա տեսանյութում։