ԱՄՆ-ն կարող է մաքսատուրքեր կիրառել ֆրանսիական գինիների նկատմամբ Փարիզի ներդրած թվային հարկին ի պատասխան, որը հիմնականում վերաբերում է ամերիկյան ընկերություններին:

Ուրբաթ Սպիտակ տան Հարավային մարգագետնում՝ լրագրողների հետ զրույցում, մինչ G7-ին մասնակցելու համար Ֆրանսիա մեկնելն, այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է  ՏԱՍՍ-ը:

«Ինձ դուր չի գալիս այն, ինչ արեց Ֆրանսիան: Նա թվային հարկ է ներդրել մեր տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ, - ասել է Թրամփը,-ես չեմ ուզում, որ Ֆրանսիան հարկեր սահմանի մեր ընկերությունների նկատմամբ, դա շատ անարդար է: Եթե նրանք անեն դա, մենք մաքսատուրքեր կկիրառենք գինիների նկատմամբ այնպիսի ծավալով, որի հետ նրանք երբեք չեն բախվել»:

Նախագահը հավելել է, որ «նա ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների հավատարիմ երկրպագուն չէ, որոնք դեմ են հանրապետականներին»: «Ես չեմ ուզում, որ այլ երկրները մեր ընկերությունների դեմ անարդար հարկեր կիրառեն ... Ես չեմ ուզում, որ Ֆրանսիան դուրս գա եւ մեր ընկերությունների նկատմամբ հարկեր սահմանի», - ասել է  Թրամփը:

«Դա ինձ դուր չի գալիս: Մենք ենք նրանցից հարկեր գանձում, ոչ թե Ֆրանսիան», - շեշտել է Սպիտակ տան ղեկավարը ՝ մատնանշելով Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի հետ «լավ հարաբերությունները»:

Ավելի վաղ Թրամփը լրագրողներին տված հարցազրույցում ասել էր, որ հնարավոր համարում է Ֆրանսիայից ապրանքների, մասնավորապես գինու, նկատմամբ մաքսատուրքերի ներդրումը ամերիկյան ընկերությունների նկատմամբ սահմանված թվային հարկի պատճառով:

Հուլիսի 11-ին Ֆրանսիայի Սենատը (խորհրդարանի վերին պալատ) վերջնականապես ընդունել էր թվային ծառայություններ առաջարկող խոշորագույն ընկերությունների հարկման վերաբերյալ օրինագիծը: Այս հարկը կազդի 2019-ի հունվարի 1-ից հետո  ինտերնետային հսկաների ստացած շահույթի վրա եւ կկազմի Ֆրանսիայում ընդհանուր շրջանառության 3 տոկոսը:

Մասնավորապես, դա վերաբերում է բոլոր ընկերություններին, որոնց շրջանառությունը աշխարհում գերազանցում է 750 միլիոն եվրոն, իսկ Ֆրանսիայում ՝ 25 միլիոն եվրոն, ինչպես նաև այն ընկերությունները, որոնց գործունեության ոլորտը ընդգրկում է առցանց գովազդը, առցանց վաճառքը կամ տեղեկատվական ագրեգատորների աշխատանքը: