ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը բավականին հաճախ է հիշատակում իր վաղեմի զինակցին՝ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային, սակայն այս անգամ Նյու Հեմփշիրում նա Օբամայի անունը բարձրաձայնել է տխուր օրինակների հետ կապված, փոխանցում է Fox News-ը: 

«Ինձ համար երկու քաղաքական հերոսներն են Մարտին Լյութեր Քինգ կրտսերը եւ Բոբի Քենեդին... Երկուսի վրա էլ կրակել են ու սպանել: Պատկերացրեք, թե ի՞նչ կպատահեր, եթե, Աստված մի արասցե,  սպանեին Բարաք Օբամային այն բանից հետո, երբ նա փաստացի թեկնածուն դարձավ: Ի՞նչ կպատահեր Ամերիկայի հետ»,- Բայդենը լսարանին է ուղղել իր հռետորական հարցը:

Բայդենի արտահայտությունից անմիջապես օգտվել են մի քանի լրագրողներ, այնպես որ՝  նրա նախընտրական քարոզարշավի աշխատակիցները ստիպված էին իրենց թեկնածուին պաշտպանել համացանցում:

«Նա լսարանի երիտասարդներին ներկայացրել է, թե երկրի համար ինչպիսի տրավմա են եղել Ռոբերտ Քենեդու եւ Մարտին Լյութեր Քինգի սպանությունները»,- մասնավորապես Washington Post պարբերականին ասել է Բայդենի խորհրդական Սայմոն Սանդերսը: