Ճապոնիան Հյուսիսային Կորեային բողոք է հայտնել՝ կապված շաբաթ իրականացրած 2 բալիստիկ հրթիռների  արձակումների հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ ներկայացուցչին:

«Մենք Հյուսիսային Կորեային արդեն վճռական բողոք ենք հայտնել»,- «Կիոդո» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ճապոնիայի ԱԳ նախարարի խորհրդարանական տեղակալ Կիյոտո Ցուձին: Նա այդ մասին ասել է իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության հետ հանդիպման ժամանակ:

Շաբաթ առավոտյան Հյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ կատարել է 2 արձակում՝ հավանաբար, փոքր հեռահարության բալիստիկ հրթիռների: Դրանք ընկել են Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու եւ նրա տարածքային ջրերի սահմաններից դուրս: Ճապոնիայի պաշտպանության նախարար Տակեսի Իվայան հայտարարել է, որ հրթիռները բալիստիկ էին, որոնց արձակումները ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւերի բացահայտ խախտում են:

Այս արձակումներն առաջինն էին ամերիկա-հարավկորեական զորավարժությունների ավարտից հետո, որոնք անցկացվել էին օգոստոսի 5-20-ը եւ Հյուսիսում առաջացրել էին խիստ բացասական արձագանք: Հյուսիսային Կորեան հուլիսի վերջից ընդհանուր իրականացրել է հրթիռների եւ ռեակտիվ արկերի 7 արձակում:

Հարավկորեացի զինվորականների կարծիքով՝ շաբաթ իրականացվել է արկերի արձակում, որոնք անցել են 380 կմ տարածություն: Առավելագույն բարձրությունը կազմել է 97 կմ, առավելագույն արագությունը՝ 6,5 Մախից ավելի: Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ դրանք փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ էին, այս պատճառով դրանց թռիչքի հեռավորությունը կազմել է 350-ից մինչեւ 400 կիլոմետր: