Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը խաղերում ունեցած ներդրման համար մեդալով պարգեւատրեց երգիչներ Թաթա Սիմոնյանին, Արման Հովհաննիսյանին եւ թուրքագետ Աշոտ Սողոմոնյանին: Իշխան Զաքարյանը բարձր գնահատեց նրանց մասնակցությունը եւ հույս հայտեց, որ գործակցությունը կշարունակվի:

«Համահայկականը կշարունակի իր գործունեությունը, իսկ հայակականությունը մեր մեջ է»,- ասաց Զաքարյանը:

Թուրքագետ Աշոտ Սողոմոնյանը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի հետ գործակցել է 2015 թվականից: Այն ժամանակ նույնպես Համահայկականի ջահը վառվել է Արեւմտյան Հայաստանում՝ Վանում, իսկ այս անգամ՝ Մուսա լեռան ստորոտին:

«Որոշեցինք, որ Համահայկականի ջահը հաղթական Արցախ կգա մեր հայրենիքի մեկ այլ պատմական ու հաղթական վայրից՝ Մուսա լեռից»,- ասաց Աշոտ Սողոմոնյանը:

Թաթա Սիմոնյանը կարեւորեց Համահայկական 7- րդ ամառային խաղերի բացումն Արցախում:

«Համահայկական խաղերն օգնում են ճանաչել այլ երկրներում ապրող մեր հայրենակիցներին, շփվել նրանց հետ մոտիկից, դա շատ կարեւոր է»,- ասաց Թաթա Սիմոնյանը:

Արման Հովհաննիսյանը հայրենասիրական մեծ նախաձեռնություն որակեց Համահայկական խաղերը:

«Մեծ սիրով եմ մասնակցում Համահայկականի միջոցառումներին, անբացատրելի զգացողություններ եմ ունենում: Շատ շնորհակալություն Իշխան Զաքարյանին եւ մյուս կազմակերպիչներին»,- ասաց Արման Հովհաննյսյանը:

Համահայկական ամառային 7- րդ խաղերը տեղի ունեցան օգոստոսի 5-17-ը՝ Հայաստանում եւ Արցախում։ Բացման հանդիսավոր արարողությունը եւ մրցումային 3 օրերն անցկացվեցին Ստեփանակերտում, իսկ հաջորդ օրերը՝ Երեւանում: Խաղերին մասնակցեցին պատվիրակություններ 35 երկրից եւ 161 քաղաքից։ Ընդհանուր առմամբ, մարզական պատվիրակների թիվը հասել է մոտ 5300-ի։ Ամենամեծ պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնությունից էր, որը ներառում էր 14 քաղաք՝ 368 մարզիկով։ Այս տարի մասնակցում էր 3 նոր երկիր՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Իրաքը եւ Չեխիան: Համահայկական ամառային 7-րդ խաղերի փակումը կայացավ օգոստոսի 17-ին, Երեւանում՝ Ազատության հրապարակում։ Խաղերի նշանաբան էր՝ «Միասնություն՝ սպորտով»: