Առողջարանային գոտում ոչ մի հանքարդյունաբերություն չպետք է լինի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Ջերմուկի բնակիչ Գոհար Հունանյանը, ով ԱՄՆ-ից մշտական բնակության է վերադարձել Ջերմուկ, տուն է գնել:

Նա նշեց, որ վարչապետը Ջերմուկ այցի ժամանակ մտել է իր բնակարան, զրուցել իր հետ. «Ես մաքուր օդի կարիք ունեմ, դրա համար տեղափոխվեցի Ամերիկայից Հայաստան՝ իմ ակունքներին: Առողջարանային գոտում ոչ մի հանքարդյունաբերություն չպետք է լինի: Դա իմ առաջին պնդումներից մեկն էր: Ես պարոն Փաշինյանին ասացի, որ դեռ խորհրդային տարիներին որտեղ կային առողջարանային գոտիներ, այնտեղ հանքարդյունաբերություն  ընդհանրապես գոյություն չպետք է ունենար: Մենք ունենք ջուր, ինչու չծաղկեցնենք մեր ջուրը եւ ջրի միջոցով ստանանք այն նույն գումարը, որքան «Լիդիանի» պնդմամբ Հայաստանը տնտեսապես կբարգավաճի, աշխատատեղեր կունենանք: 6-7 ամիս ապրելով Ջերմուկում ես հասկացա, որ բոլոր մարդիկ, որոնք ապրում են այս պայմաններում, ուզում են առողջ միջավայրում ապրեն: Փաշինյանն էլ նշեց, որ այս խնդիրը ժառանգություն է ստացել նախորդ կառավարությունից եւ իր համար էլ դեռ որոշակի չէ, 50/50 վիճակ է: Հուսով եմ ժողովրդի խոսքը ինքը կլսի: Քանի որ ժողովրդավարությունը, ժողովրդի ասածն օրենք, է ուզում եմ՝ ինքը դա լավ հիշի: Մենք պետք է կարողանանք առանց զոհերի այս հարցը ճիշտ լուծել»,-ասաց Գոհար Հունանյանը:

Նրա խոսքով, փակելով հանքը, կունենանք առողջ սերունդ եւ մարդիկ էստեղից չեն փախչի: «Ես կուզեմ, որ մեր ժողովուրդը մնա իր երկրում, աշխատի: Թողեք, որ մեր մաքուր, անարատ երկիրը մնա այդպիսին: Հուսամ՝ պարոն Փաշինյանն իմ մտահոգությունը կհասկանա: Ես չեմ ուզենա, որ մեր մաքուր բնությունը թունավոր դառնա բոլորիս համար: Փողը երբեք մեզ երջանկություն չի բերելու: Փողը միայն միջոց է, բայց եթե այդ միջոցը ստանալով մենք դառնանք հիվանդ, փողը մեզ այլեւս չի օգնելու»,-ընդգծեց ԱՄՆ-ից Հայաստան վերադարձած կինը: Նա նկատեց, որ եթե մեկ անգամ էլ ժողովուրդը հիասթափվեց, հետո կանգնելը շատ դժվար է լինելու. «Այդ ժամանակ ամբողջ Հայաստանն է կանգնած լինելու երկրից հեռանալու հարցի առաջ»: