British Airways ավիաընկերությունը սեպտեմբերին առնվազն 5 օրով չեղարկել է ավիաչվերթերը օդաչուների սպասվող գործադուլի պատճառով, տեղեկացնում է BBC News-ը։

Ավիաընկերության օդաչուները հայտարարել են այն մասին, որ մտադիր են եռօրյա գործադուլ անել սեպտեմբերի 9-ին, 10-ին եւ 27-ին աշխատանքի վարձատրման հետ կապված վեճի պատճառով։

Չնայած գործադուլը կանցկացվի երեք օր, այնուամենայնիվ, ավիաընկերության ուղեւորներին տեղեկացրել են, որ չեղարկվել են նաեւ սեպտեմբերի 8-12-ի չվերթերը, իսկ հաճախորդներից մեկը հեռուստաալիքին տեղեկացրել է, որ չեղարկվել է նաեւ սեպտեմբերի 25-ի չվերթը։

Շատ հաճախորդներ չեն հասցրել այլընտրանք գտնել իրենց չեղարկված չվերթերի համար։

Ավիաընկերությունն ինքը հայտարարել է, որ իրենց չվերթերից ամեն օր օգտվում է 145 հազար մարդ։

«Մենք անում ենք այն ամենն, ինչ կարող ենք, որպեսզի կանխենք մեր հաճախորդների պլանների այս անարդար եւ կործանարար ձախողումը։ Ավիաընկերությունը շատ բարդ գործողություն է իրականացնում, եւ լայնամասշտաբ խախտումների ժամանակ կարող են չվերթերի խափանումներ լինել նաեւ մյուս օրերին»,- ասել են ավիաընկերությունում։