ՌԴ պաշտպանության նախարարությունը YouTube-ում տեղադրել է տեսանյութ Բարենցի ծովում «Յուրի Դոլգորուկի» ատոմային սուզանավից «Բուլավա» բալիստիկ հրթիռի արձակման մասին։ Մարտական բլոկի մակետը հաջողությամբ խոցել է ուսումնական թիրախը «Կուրա» զորավարժարանում, որը գտնվում է Կամչատկայում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Օգոստոսի 24-ին Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի բեւեռային շրջանից «Տուլա» ատոմային սուզանավից արձակվել է նաեւ «Սինեւա» բալիստիկ հրթիռը։ Հրթիռը խոցել է ուսումնական թիրախը Արխանգելսկի մարզի «Չիժա» զորավարժարանում։

Ռազմական գերատեսչությունում նշել են, որ այդ արձակումներով հաստատվել են բալիստիկ հրթիռների տեխնիկական բնութագրերը, ինչպես նաեւ սուզանավերի հրթիռային համալիրների բոլոր համակարգերի աշխատունակությունը։

«Բուլավա» Р-30 պինդ վառելիքով միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը (ՄԲՀ) 1990-ականների կեսերին ստեղծվել է Մոսկվայի ջերմատեխնիկայի ինստիտուտում։ Գլխավոր կոնստրուկտորներն են Յուրի Սոլոմոնովը եւ Ալեքսանդր Սուխոդոլսկին։ ԶԼՄ-ների տվյալներով՝ այս եռաստիճան հրթիռը կարող է կրել անհատական թիրախավորման վեց մարտական բլոկ։ Նախատեսված է 955 «Բորեյ» նախագծի ատոմային սուզանավերի սպառազինման համար, յուրաքանչյուր սուզանավ ունի 16 արձակման սարք։ Р-29РМ «Սինեւան» խորհրդային մշակման հեղուկ ՄԲՀ  է 667БДРМ նախագծի սուզանավերի համար։