Օգոստոսի 14-ին, ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները տեղեկություններ են ստացել մայրաքաղաքի ակումբներից մեկում տեղի ունեցող վիճաբանության եւ ծեծկռտուքի մասին։ Տեղում պարզվել էր, որ մի խումբ անձինք ակումբի հարակից տարածքում կատարում են խուլիգանական գործողություններ՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը եւ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ։

Օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորություններն իրացնելով ոստիկանության ծառայողները խափանել են հասարակական կարգի խմբային խախտումը եւ առերեւույթ հանցագործություն կատարելու կասկածանքով բերման ենթարկել 5 անձի։

Բերման ենթարկված մի քաղաքացի գտնվելով ակնհայտ ոչ սթափ վիճակում, շարունակել է խուլիգանական գործողություններ կատարել նաեւ ոստիկանության բաժնում, այդ թվում՝ բարձրաձայն հայհոյանքներ տալով։

Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է ՝ խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից։

Քրեական գործն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննության։

Ի դեպ, միջադեպի տեսանյութը տարածվեց նաեւ համացանցում։ Զարմանալի է, որ ԶԼՄ-ների որոշ ներկայացուցիչներ եւ օգտատերեր ակնարկում էին, թե ինչու ոստիկանները «չեն պատժում» հարբած վիճակում գտնվող տղամարդուն։ Ոստիկանությունը օրենքի շրջանակում ապահովում է հասարակական կարգը, վերականգնում քաղաքացիների ոտնահարված իրավունքները եւ հաստատում կարգուկանոն։ Ոստիկանության խնդիրը այս փուլում անձանց պատժելը չէ, անկախ այդ բառի իմաստային դրսեւորումներից։

Իրավախախտում կատարած ցանկացած անձի գործողություններին իրավական գնահատական է տրվում գործող օրենսդրության պահանջներին համապատասխան, որի արդյունքում ցանկացած անձի կողմից նրան վերագրվող արարքը սահմանված կարգով ապացուցվելու դեպքում, կիրառվում են իրավաբանական պատասխանատվության եւ հարկադրանքի համարժեք միջոցներ։