Շատ շուտով Apple կորպորացիայի համար այնքան էլ լավ ժամանակներ չեն սկսվի։ Strategy Analytics վերլուծաբանական ընկերությունը հետազոտություն է իրականացրել, որի ընթացքում պարզել է, որ սպառողի հետաքրքրությունը iPhone-ի նոր մոդելների հանդեպ շոշափելիորեն նվազել է, գրում է Planet Today-ը։

Ինչպես հավաստիացնում են Strategy Analytics-ի մասնագետները, հանրահայտ բրենդի օգտատերերը չեն շտապում փոխել iPhone-ի հնացած մոդելները նորերով։ Եվ մեղավորը որակյալ նորարարությունների բացակայությունն է։ Սպառողը պարզապես իմաստ չի տեսնում հեռախոսը նորով փոխելու մեջ, որը նման է հնին իր ֆունկցիաներով։

Ավելի վաղ Apple սմարթֆոն ունեցողները հեռախոսն օգտագործում էին միջինը 18 ամիս։ Իսկ այսօր այդ միտումը սկսել է փոխվել դեպի վատը։ Օրինակ, ամերիկյան սպառողները նախընտրում են օգտագործել iPhone-ը մինչեւ 33 ամիս։

Հանուն արդարության արժե նշել, որ այս միտումը ընդհանուր է սմարթֆոնների ամբողջ շուկայի համար։ Մոտավորապես նույնն է  վիճակը նաեւ Apple-ի գլխավոր մրցակցի՝ կորեական Samsung-ի պարագայում։

Միեւնույն ժամանակ, նոր սմարթֆոնի ձեռքբերման համար ավելի քան հազար դոլար ծախսելու ցանկություն շատ ավելի քիչ թվով մարդիկ են հայտնում։ Հարցման ենթարկվածների միայն 7 տոկոսն է պատրաստ կլորիկ գումար վճարել նոր սմարթֆոնի համար։ Իսկ մեծամասնությունը նախընտրում է ավելի խնայողական տարբերակները։