Բրիտանիայի արքայազն Էնդրյուն հանդես է եկել ի պաշտպանություն ինքնասպանություն գործած բազմամիլիոնատեր Ջեֆրի Էփշթեյնի հետ նախկինում իր ունեցած բարեկամական հարաբերությունների՝ ասելով, որ երբեք չի տեսել եւ չի կասկածել, որ հանգուցյալը որեւէ հանցավոր վարքագիծ է ունեցել, տեղեկացնում է BBC News-ը։

Իր հայտարարությունում Յորքի հերցոգը նշել է, որ ցանկանում է «պարզաբանել» ամերիկացի ֆինանսիստի հետ «նախկին ասոցիացիաների կամ բարեկամության» շուրջ փաստերը։

Արքայազնը հայտարարել է, որ հանդիպումն Էփշթեյնի հետ 2010 թվականին բանտից միլիոնատիրոջ դուրս գալուց հետո «սխալ» էր։

«Այն ժամանակաընթացքում, երբ ես ճանաչել եմ նրան, հաճախ չէ, որ հանդիպել ենք, հավանաբար՝ տարին 1-2 անգամ... Ես բնակվել եմ նրա մի քանի նստավայրերում։ Այդ սահմանափակ ժամանակի ոչ մի փուլում, որ ես անցկացրել եմ նրա հետ, ես չեմ տեսել, ականատես չեմ եղել կամ չեմ կասկածել այնպիսի մի վարքագիծ, որը հետագայում կհանգեցներ նրա ձերբակալմանն ու մեղադրվելուն»,- նշել է արքայազնը իր հայտարարությունում։

Էփշթեյնը, որը բանտում նախկինում նստել էր ընդամենը 13 ամիս այն բանից հետո, երբ իրեն մեղավոր էր ճանաչել անչափահասի հետ սեքսով զբաղվելու մեջ, օգոստոսի 10-ին կախվել է բանտախցում, որտեղ կալանքի տակ էր գտնվում մարդկանց առեւտրով զբաղվելու մեղադրանքով։

Ավելի վաղ հայտնի էր դարձել այն մասին, որ Ֆրանսիան հետաքննություն է սկսել անչափահասների բռնաբարությունների մեղադրանքով՝ Էփշթեյնի գործի հետ կապված։