Ոստիկանությունը չորս անգամ ջրնետ մեքենաներ է կիրառել ֆրանսիական Բայոնում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Մեծ յոթնյակի» գագաթաժողովի հակառակորդները երթի էին դուրս եկել Բայոնում, որը գտնվում է Բիարիցից ոչ հեռու, որտեղ տեղի է ունենալու միջազգային միջոցառումը։

Բողոքի ակցիաներին մասնակցում է մի քանի հարյուր մարդ։ Երթն ընթանում է ինքնատիպ եռանկյունի հիշեցնող շրջանում, որը երկու կողմից փակ է գետերով։ Դրանց վրայով անցնող կամուրջները ոստիկանները նախապես փակել էին՝ այդ կերպ սահմանափակելով ընդվզողների երթուղին։

Սկզբում  ընդվզողները թմբուկների զարկերի ներքո քայլեցին քաղաքի փողոցներով՝ բղավելով ոստիկանների համար վիրավորական կարգախոսներ։ Հետո նրանք մոտեցան կամուրջներից մեկին, որտեղ վճռական տրամադրված երիտասարդությունը սկսեց հրահրել ոստիկաններին։

Դրանից հետո ոստիկանները նրանց դեմ կիրառեցին ջրնետ մեքենաներ եւ արցունքաբեր գազ։

Ներկա պահին բողոքողները նորից ճանապարհ են ընկել՝ կրկնելով արդեն անցած երթուղին։

Բիարիցում սկսվել է «Մեծ յոթնյակի» գագաթաժողովը։ Միջոցառման անվտանգությունն ապահովելու են ավելի քան երեսուն հազար ոստիկաններ եւ ժանդարմներ։