Այս պահին «Մալաթիա մոլ»-ի պահեստում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, 7 կետով կրակ կա: Այս մասին ավելի քան 8 ժամ շարունակվող հրդեհի վայրում լրագրողների հետ զրույցում նշեց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը (ֆոտոռեպորտաժ):

«Հրշեջ-փրկարարները հերոսական աշխատանք են կատարել: Յուրաքանչյուր դեպք ունի իր առանձնահատկությունը, սա առանձնահատուկ է նրանով, որ պահեստ էր այրվում, որտեղ տարատեսակ ապրանքներ են: Տարբեր առարկաները վառվում են տարբեր ձեւերով, որը դժբվարացնում է հրդեհաշիջման աշխատանքը:

Ահազանգն ստանալուց հետո 20 րոպեի ընթացքում դեպքի վայրում եղել է 6 հրշեջ մեքենա; Առաջին մեքենան եղել է 7 րոպե հետո. Դա շատ լավ ցուցանիշ է»,-ասաց նա՝ հավելելով. ««Հրդեհն այսօր մեկուսացնել հնարավոր է, մարելը չեմ կարող ասել: Եթե կա գույք, որը երկար վառվող է, ծալքեր ունի, պետք է հրշեջը դա շուռ տա, անպայման հագցնի բոլոր օջախները: Դա ժամանակ է պահանջում»:

Ցոլակյանի խոսքով, այս պահին հրդեհաշիջմանը մասնակցում է 22 մեքենա. «Աշխատանքներում ներգրավված են 420 հրշեջ, որոնց աշխատանքը ես դիտարկում եմ հերոսական: Երբ նայեք կրակից դուրս եկող հրշեջների դեմքին, կհասկանաք, թե ինչի մասին է խոսքը:

Ցավում եմ, որ լրատվամիջոցներով տարբեր քննարկումներ են կազմակերպվում: Դա նշանակում է, որ մարդիկ ոչ միայն չեն գնահատում հրշեջների աշխատանքը, ոչ միայն վիրավորում են իմ անձը, այլ նաեւ այն ամբողջ աշխատանքը, որ կատարում են այս անձինք»,-ընդգծեց նա:

ԱԻ նախարարը նշեց, թե չի կարող ասել, թե ինչից է առաջացել հրդեհը, որն է եղել պատճառը. «Ամեն դեպքում չեմ բացառում մարդկային գործոնը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ օգոստոսի 24-ին, ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ, որոնց թիվը վերջին տվյալներով 10 է:

Դեպքի վայրում էր նաեւ «Մալաթիա մոլ»-ի սեփականատեր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը: Ոստիկանապետ Վալերի օսիպյանի հետ զրույցում նա դժգոհել էր ԱԻՆ-ի աշխատանքից՝ նշելով, որ եթե սկզբից շատ հրշեջ մեքենա գար, «ըսենց չէր լինի»: