Չեն մտածում եւ արտահայտվում են, թե վտանգավոր է, թե վտանգավոր չի: Այս մասին դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում նշեց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ անդրադառնալով «Մալաթիա մոլ»-ի սեփականատեր, գործարար Սամվել Ալեքսանյանի այն դիտարկմանը, թե վտանգավոր նյութեր այդ պահեստում չկան:

Ցոլակյանն արձագանքեց, որ օրինակ լաքը վտանգավոր նյո՞ւթ է, թե ոչ, կամ կարող է մի տեղ գազի բալոն կա դրված, որի մասին բոլորը մոռացել են. «Հրշեջը կարող է մտնել ու պայթել: Չեն մտածում եւ արտահայտվում են, թե վտանգավոր է, թե վտանգավոր չի»:

Նրա խոսքով, ամբողջ Երեւանում ամեն քայլափոխի քաղաքաշինական նորմերի խախտումներ կան. «հրշեջները շենքի ամեն կողմից չէ, որ կարողանում են մոտենալ»:

ԱԻ նախարարն ասաց, որ ինքը մեկնելիս է եղել Խոսրովի անտառ, որտեղ եւս հրդեհ կա, բայց կեսից վերադարձել է. «Ես դուրս եկա աշխատանքից եւ գնում էի Խոսրովի անտառ, որպեսզի իմ աչքով տեսնեմ, թե այնտեղ ինչ է կատարվում: Վեդի էի հասել, երբ ստացա այս ահազանգը: Վեդիից ուղիղ եկել եմ այստեղ, տեսել եմ, թե ինչ էին անում փրկարարները: Դրանից հետո վերադարձել եմ աշխատանքի վայր, որովհետեւ կազմակերպչական լուրջ խնդիրներ կային:

Կապանում մեծ հրդեհ կար անտառային՝ 2-3 օջախներով: Գորիսում կար հրդեհ, Եղեգնաձորում, Խոսրովի անտառի հարակից տարածքում, Իջեւանում: Անտառային հրդեհների մասին եմ ասում, որոնք մասշտաբներ ունեն: Բոլոր հրդեհները հրշեջների աշխատանքի շնորհիվ մեկուսացված են, բացառություն այս հրդեհն է»,-ընդգծեց ԱԻ նախարարը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ օգոստոսի 24-ին, ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ, որոնց թիվը վերջին տվյալներով 10 է:

Դեպքի վայրում էր նաեւ «Մալաթիա մոլ»-ի սեփականատեր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը: Ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ զրույցում նա դժգոհել էր ԱԻՆ-ի աշխատանքից՝ նշելով, որ եթե սկզբից շատ հրշեջ մեքենա գար, «ըսենց չէր լինի»: