Արաբական Միացյալ Էմիրությունների բնակչուհին ապահարզանի հայց է ներկայացրել, քանի որ չի դիմացել իր ամուսնու կողմից չափազանց մեծ սիրուն եւ հոգատարությանը, գրում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Khaleej Times-ին:

Կնոջը դուր չէր եկել, որ մեկ տարվա ամուսնական կյանքի ընթացքում նրանք երբեւէ չեն վիճել, ամուսինը երբեք չի բղավել կնոջ վրա եւ միշտ բարի վերաբերմունք է տածել նրա նկատմամբ: Ընդ որում՝ նա զայրանում էր, որ ամուսինը երբեմն օգնում էր տան մաքրության հարցում այն պարագայում, երբ նա չէր խնդրում օգնել, ամուսինը նաեւ ուտելիք էր պատրաստում կնոջ համար:

«Ես ցանկանում եմ վիճել, ոչ թե ապրել բարեկեցիկ կյանքով հնազանդության պայմաններում: Ես այնպես եմ ցանկանում գոնե մեկ անգամ վիճել, սակայն դա անհնարին է իմ ռոմանտիկ ամուսնու հետ, որը մշտապես ներում է ինձ եւ նվերներ շռայլում»,-խոստովանել է կինը:

Իսկ տղամարդը համարում է, որ ոչ մի վատ բան չի արել, պարզապես ցանկացել է լինել լավ ամուսին: Նա պատմել է, որ կինը մի անգամ մատնանշել է նրա ավելորդ քաշը, որից հետո նա սկսել է դիետա պահել եւ զբաղվել սպորտով:

Նա խնդրել է դատավորին խորհուրդ տալ կնոջը հետ վերցնել հայցը, եւ արդյունքում դատարանը հետաձգել է գործի քննությունն ամուսիններին հաշտության հնարավորություն տալու համար: