Մարդկությանը հայտնի միջուկային զենքի քանակությունն անդադար նվազում է, սակայն վախը, որ մի օր երկրներից մեկը կարող է կիրառել ամենաավերիչ զենքը Երկիր մոլորակում, դեռեւս պահպանվում է:

Միջուկային զենքի ընդհանուր քանակությունը կրճատվել է՝ 2018 թվականին գրանցված 14 465-ից հասնելով 13 885-ի այս տարվա դրությամբ՝ ըստ Աշխարհում հիմնախնդիրների ուսումնասիրությունների Ստոքհոլմի միջազգային ինստիտուտի (SIPRI) 2019 թվականի զեկույցի: Դա ցույց է տալիս, որ, չնայած միջազգային հանրությունն աշխատում է աշխարհում միջուկային ռումբերի կրճատման նպատակին հասնելու ուղղությամբ, լիարժեք ոչնչացումը դեռեւս դիտարկվում է երկարաժամկետ հեռանկարում, գրում է Business Insider-ը:

Պարբերականը հիշատակում է աշխարհի 9 պետություններին, որոնք ունեն միջուկային զենք, եւ 31 երկրներին, որոնք խոստացել են պաշտպանել դրանից:

2017 թվականին ՄԱԿ-ը ներկայացրել է Միջուկային զենքն արգելելու մասին պայմանագիր (TPNW), որն աշխարհում իրավաբանորեն պարտավորեցնող առաջին փաստաթուղթն է, որի նպատակն է միջուկային արսենալի ամբողջական ոչնչացումը: Սակայն այն դեռ ուժի մեջ չի մտել:

2019 թվականի օգոստոսի դրությամբ 25 երկրներ վավերացրել են պայմանագիրը, անհրաժեշտ է եւս 25 վավերացում, որպեսզի այն ուժի մեջ մտնի:

Ռուսաստանն ունի աշխարհում միջուկային զենքի ամենամեծ տեսականին: SIPRI-ի տվյալներով՝ Ռուսաստանի Դաշնություն արսենալում կա ընդհանուր առմամբ միջուկային զենքի 6 490 միավոր:

Հայաստանն ու Բելառուսը ներկայանում են որպես բուֆեր Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ, երկուսն էլ հենվում են ռուսական միջուկային «անձրեւանոցի» վրա: Հայաստանը միացել էր TPNW բանակցություններին, սակայն ձեռնպահ էր մնացել քվեարկությունից: Բելառուսը չէր մասնակցել այդ բանակցություններին եւ նունպես զերծ էր մնացել քվեարկությունից:

Ռուսաստանը նաեւ ունի միջուկային «տրիադա», այսինքն՝ այն կարող է կիրառել իր միջուկային արսենալը ցամաքում, ծովում եւ օդում:

ԱՄՆ-ը տիրապետում է աշխարհում մեծությամբ երկրորդ միջուկային արսենալին՝ 6 185 միավոր զենք: Դա միակ պետությունն է, որը կիրառել է միջուկային զենքը 1945 թվականին Հիրոսիմայում եւ Նագասակիում:

ԱՄՆ-ը համաձայնվել է հեռանկարում կիրառել իր միջուկային զենքը ՆԱՏՕ-ի անդամ պետություններին, ինչպես նաեւ Ճապոնիային, Ավստրալիային եւ Հարավային Կորեային պաշտպանելու համար: Այդ համաձայնագրի պատճառով ՆԱՏՕ-ի անդամ բոլոր 29 երկրները եւ երեք պետությունները, որոնք ունեն երկկողմանի համաձայնագիր ԱՄՆ-ի կողմից պաշտպանության մասին, տեխնիկական առումով խախտում են TPNW-ը:

ԱՄՆ-ը նաեւ աշխարհում միակ երկիրն է, որը պահում է իր միջուկային զենքն ուրիշ երկրներում: Համարվում է, որ ԱՄՆ-ը պահում է շուրջ 180 միավոր միջուկային զենք այդ երկրներում: Սակայն այդ թիվը զգալիորեն կրճատվել է սառը պատերազմի տարիներից հետո:

Օգոստոսին ԱՄՆ-ը դուրս է եկել Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագրից՝ մեղադրելով Ռուսաստանին այն խախտելու մեջ:

Ֆրանսիան աշխարհում մեծությամբ երրորդն է միջուկային նյութերի պաշարով՝ 300 միավոր զենք: Այս երկիրը կարող է տեղափոխել իր միջուկային զենքը միայն ինքնաթիռների եւ սուզանավերի միջոցով:

Dassault Rafale ռեակտիվ կործանիչը կարող է օգտագործել միջուկային հրթիռը մարտագլխիկով, որը 20 անգամ գերազանցում է Հիրոսիմայի վրա գցված ռումբի չափսերը:

Եթե այդ չափսի մարտագլխիկներն ընկնեն Վաշինգտոնի վրա, ապա Nuclear Secrecy-ի հաշվարկով՝ կզոհվի շուրջ 280 000 մարդ:

Չինաստանը, որն ունի 290 միավոր միջուկային զենք, կարծես ուղղում է իր ռեսուրսները դեպի սեփական միջուկային տրիադայի ստեղծումը, նախազգուշացրել է Պենտագոնը 2019 թվականի մայիսին: Սակայն Չինաստանն արդեն տեւական ժամանակ է, ինչ որդեգրել է «զենքն առաջինը չկիրառելու» քաղաքականությունը, ինչը նշանակում է, որ կկիրառի իր միջուկային ուժերը միայն ի պատասխան իր դեմ իրականացված միջուկային հարվածի:

Բրիտանիան ունի 200 միավոր միջուկային զենք եւ կարող է գործի դնել այն միայն «Ավանգարդ» դասի իր չորս սուզանավերից «Թրայդենթ» հրթիռային ծրագրի շնորհիվ:

Այդ երկիրը գործում է՝ ելնելով այն քաղաքականությունից, որի համաձայն՝ «չի կիրառի կամ սպառնա իր արսենալի գործադրմամբ» ցանկացած պետության դեմ, որը չունի միջուկային զենք՝ համաձայն ՄԱԿ-ի Միջուկային զենք չտարածելու մասին 1970 թվականի պայմանագրի:

Պակիստանն ունի 150-160 միավոր զենք, իսկ հարեւան Հնդկաստանը՝ 130-140 հատ: Այս ամառ այդ երկու երկրների հարաբերություններում լարվածությունը հասել է պատմական ցուցանիշի: Միջկոնտինենտալ եւ ստորջրյա միջուկային հրթիռներ ստեղծելու փորձերը ցույց են տալիս, որ Հնդկաստանը կարող է առաջիկայում ունենալ միջուկային տրիադա:

Իսրայելը երբեք հրապարակայնորեն չի խոստովանել, որ ունի միջուկային զենք: Միջազգային հանրությունը գործում է՝ ելնելով նրանից, որ դա իրողություն է: SIPRI-ի գնահատմամբ՝ Իսրայելն ունի 80-90 միավոր զենք: 2016 թվականի վերջում Իսրայելն ուներ շուրջ 80 մարտագլխիկ:

Իսրայելի միջուկային ռազմավարությունը կոչվում է «amimut», ինչը եբրայերենից թարգմանաբար նշանակում է «անթափանցիկություն» կամ «երկիմաստություն»:

Հյուսիսային Կորեայի արսենալի հստակ ծավալը հայտնի չէ: SIPRI-ի գնահատմամբ՝ այն ունի շուրջ 20-30 միավոր միջուկային զենք: