«Մալաթիա մոլի» շենքում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Հրդեհի վայրում է նաեւ «Մալաթիա մոլի» սեփականատեր, գործարար Սամվել Ալեքսանյանը:

Նշենք, որ լուսադեմին հրշեջներին հաջողվել է մեկուսացնել հրդեհը: Ժամը 08:30-ի դրությամբ դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 13 մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, գազածխապաշտպան ծառայության մեկ հատուկ ավտոմեքենա և հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնից երկու «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ՝ օգոստոսի 24-ին, ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլի» շենքում հրդեհ է բռնկվել, կան 7 տուժածներ, որոնք հոսպիտալացվելուց հետո դուրս են գրվել:

ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը ուշ երեկոյան նշել էր, որ հրդեհաշիջմանը մասնակցում է 22 մեքենա. «Աշխատանքներում ներգրավված են 420 հրշեջ, որոնց աշխատանքը ես դիտարկում եմ հերոսական: Երբ նայեք կրակից դուրս եկող հրշեջների դեմքին, կհասկանաք, թե ինչի մասին է խոսքը»: