Նախագահ Դոնալդ Թրամփը հերքում է, որ Չինաստանի հետ առեւտրային պատերազմը կառաջացնի տարաձայնություններ G7-ի գագաթնաժողովում, հաղորդում է AFP-ը:

«Ես կարծում եմ, որ նրանք հարգում են առեւտրային պատերազմը: Դա պետք է տեղի ունենար»,-Բիարիցում լրագրողներին ասել է Թրամփը: Հարցին՝ քննադատել են արդյոք մյուս առաջնորդները առեւտրային պատերազմը, նա պատասխանել է. «Ոչ, միանգամայն ոչ: Ես դա չեմ լսել»:

«Մեծ յոթյակի», որի կազմում են Մեծ Բրիտանիան, Կանադան, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան եւ ԱՄՆ-ը, եվրոպական անդամները բազմիցս արտահայտել են իրենց մտահոգությունը առեւտրային պատերազմի եւ ընդհանուր առմամբ համաշխարհային տնտեսության վրա դրա ազդեցության կապակցությամբ:

Կիրակի գործնական նախաճաշի ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ասել է Թրամփին. «Ընդհանուր առմամբ մեզ դուր չեն գալիս սակագները: Մենք առեւտրային խաղաղության կողմնակից ենք»:

Թրամփը խոստովանել է, որ նա որոշակի կասկածներ ունի առեւտրային պատերազմի էսկալացիայի կապակցությամբ:

Ընդ որում՝ նա կրկնել է, որ Չինաստանը կողոպտում է ԱՄՆ-ի փողերը եւ մտավոր սեփականությունը:

«Մեր ընդհանուր կորուստը կազմում է շուրջ մեկ տրիլիոն դոլար տարեկան»,-ասել է նա: «Մի շարք առումներով դա արտակարգ իրավիճակ է»: Թրամփը պնդել է, որ Չինաստանը վերջնարդյունքում զիջի ԱՄՆ-ի պահանջներին իր տնտեսական մոդելը բարեփոխելու եւ առեւտրային հարաբերությունները ձեւափոխելու հարցում: «Ես կարծում եմ, որ նրանք շատ ավելի մեծ ցանկություն ունեն գործարքը կնքելու, քան ես»,-ասել է նա: