Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ G7-ի առաջնորդները չեն տվել նրան պաշտոնական մանդատ Իրանին ուղերձներ հղելու մասին, սակայն նա կշարունակի բանակցել Թեհրանի հետ առաջիկա շաբաթների ընթացքում լարվածությունը թուլացնելու համար, հաղորդում է Reuters-ը:

«Երեկ մենք ունեցել ենք քննարկում Իրանի հարցով, եւ դա թույլ է տվել մեզ սահմանել երկու ընդհանուր ուղղություն. G7-ի անդամներից ոչ մեկը չի ցանկանում, որ Իրանը միջուկային ռումբ ստանա, եւ G7-ի բոլոր անդամները հակված են տարածաշրջանում կայունություն եւ խաղաղություն ապահովելուն»,-ասել է Մակրոնը՝ հավելելով, որ ե′ւ նա, ե′ւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ներկայացել են Իրանի նկատմամբ նախաձեռնություններով:

«Սակայն G7-ի պաշտոնական մանդատը չի տրվել, այդ իսկ պատճառով կան նախաձեռնություններ, որոնք կշարունակեն ձեռնարկվել այդ երկու նպատակներին հասնելու համար»,-ասել է նա:

Ավելի վաղ ԶԼՄ-ները, հղում կատարելով Ելիսեյան պալատում աղբյուրին, հաղորդել էին, որ G-7 երկրների առաջնորդները պայմանավորվել էին լիազորել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին բանակցություններ վարել եւ ուղերձներ հաղորդել Իրանի իշխանություններին: