Մենք 21-րդ դարում ենք, բայց մեր ունեցած տեխնիկան 20-րդ դարի է: Այս մասին այսօր` օգոստոսի 25-ին, Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

«Այսինքն՝ մեր ունեցած տեխնիկան Երևանի այն պայմաններին է համապատասխանում, որ եղել է: Հիմա տեսեք՝ այս մի քանի տարվա ընթացքում Երևանում ինչ շենքեր են կառուցվել՝ մոլեր և այլն, որոնց համար մենք համապատասխան նորություն չենք ստացել: Մենք ունենք դժվարություններ, բնական է, որ մեծ աղետի դեպքում բարդություններ են առաջանալու, եւ ես դա բազմիցս ասել եմ ու ասում եմ, որ դա կարող է լինել: Մեր ներկայիս աշխատանքի հաջողությունը հիմնականում պայմանավորված է մեր հրշեջների հերոսական աշխատանքով, գոհ եմ շարքային անձնակազմի հերոսական աշխատանքից, որ իրենք անում են»,- նշեց նախարարը:

Նախարարը հայտնեց, որ Հանրապետությունում օրական գրանցվում է մոտ 100 հրդեհ՝ խոտածածկ տարածքների, տների եւ այլնի, և բոլոր դեպքերում փրկարարներին հաջողվել է մեկուսացնել կամ մարել հրդեհները:

Նախարարը նշեց, որ հրդեհաշիջման աշխատանքներին երբեմն խանգարում է նաեւ քաղաքաշինական նորմերի խախտումը, ինչը նաեւ առկա էր «Մալաթիա մոլի» պարագայում: Նրա խոսքով` շենքը չուներ տարբեր կողմերից  մեքենայով մոտենալու հնարավորություն:

Նախարարը նաև անդրադարձավ այն խնդրին, որ երեկ Սամվել Ալեքսանյանը աշխատակիցներին հորդորում էր հրդեհի ժամանակ մտնել շենքի տարածք և այնտեղից դուրս բերել իրերը:

«Մենք նման դեպք ունեցանք նաև «Ձյունիկ» սառնարանների պահեստում: Ինչ-որ տեղ հրշեջին ձեռք է տալիս, որ ապրանքը դուրս հանվի: Սա երկու կողմին էլ ձեռնտու է՝ նա ապրանքն է փրկում, իսկ հրշեջի համար մի վառվող իր դուրս է գալիս: Բայց հրշեջները թողնում են այն մասից հանել, որտեղից կարող են: Եթե կա հրդեհի օջախ, խեղդվելու հնարավորություն, չեն թողնում: Սակայն երեկ անկանոն բաներ արվեցին, որոնք վտանգ առաջացրին հրշեջի համար», - ասաց նախարարը:

Նա հավելեց, որ օպերատիվ խմբի ղեկավարից բացի ոչ մեկ իրավունք  չունի այնտեղ  աշխատանք կատարի, անկախ իր պաշտոնից: