Երեկ՝ օգոստոսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 17:30-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի կողմնային պատի կույր հրազենային վիրավորում ձախից» և «ձախ բազկի փափուկ հյուսվածքների կույր հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 անչափահաս տղաներ: Նրանց կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 17:00-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ, 17-ամյա Է. Ղ.-ն իրենց տան այգում իր մոտ եղած օդաճնշիչ հրացանով (ՏԻՐ) խնձորենու ծառին կրակելու նպատակով կրակոցներ է արձակել եւ անզգուշաբար դիպել Ա. Ա-ին և Ն. Ա.-ին:

Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանները հայտնաբերել են նաև հրացանը: