Գյումրիի տոնն ավարտվեց հրավառությամբ, որը «լայվով» ցույց տվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Տեսանյութին կից Փաշինյանը գրել է․ «Գյումրիի օրվա ամփոփումը»։

Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին Գյումրին տոնում էր քաղաքի օրը: Տոնակատարությունը կրում էր «Վարպետների քաղաք» խորագիրը։ Քաղաքի տոնակատարությանը մասնակցում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ եւ դուստրերի հետ։ Գյումրիում են նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ խորհրադարանից եւ կառավարությունից: Հյուրեր էին եկել նաեւ տարբեր երկրներից։

Նշենք, որ ժամը 11:00-ից սկսած բացօթյա տարաբնույթ միջոցառումներ են անցկացվել քաղաքի տարբեր հատվածներում՝ համերգներ, ցուցադրություններ, տիկնիկային ներկայացում և այլն:

Վարչապետը մասնակցել է հիմնանորոգված Շիրազի փողոցի վերաբացմանը։ Նորոգված փողոցի երկայնքով դրված էին տաղավարներ, որտեղ գյումրեցի վարպետները ներկայացրել են իրենց պատրաստած իրերը։ Նիկոլ Փաշինյանն ուղեկիցների հետ շրջել է տաղավարներով, ապա այցելել է Սուրբ Նշան եկեղեցի, նաեւ Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարան եւ Ժողովրդական ճարտարապետության եւ քաղաքային կենցաղի թանգարան:

Ժամը 20:00-ին Գյումրու Վարդանանց հրապարակում տեղի է ունեցել տոնական համերգ՝ գյումրեցի ու հրավիրված երգիչ-երգչուհիների մասնակցությամբ:

Քաղաքի տոնի առիթով ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գեղանկարիչ, լուսանկարիչ, բանաստեղծ Սամվել Սեվադան եւ ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ Հենրիկ Նազարյանը պարգեւատրվեցին Գյումրի համայնքիի ոսկե հուշամեդալով: