Հայաստանի պատմական կապերը եւ հայկական ներկայությունը Մերձավոր Արևելքում  ունեն քաղաքակրթական նշանակություն: Այս մասին  ելույթ ունենալով դեսպանների եւ դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հավաքի ժամանակ ասաց արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նրա խոսքով՝ դա  արտահայտվում է այնպիսի արժեքներում, ինչպիսիք են հանդուրժողականությունն ու երկխոսությունը,  կրոնների՝ քրիստոնեության եւ իսլամի խաղաղ գոյակցությունը:

 Հայ ժողովուրդը ավանդական բարեկամության ամուր հիմքեր է ստեղծել Եգիպտոսի, Լիբանանի, Սիրիայի եւ Իրաքի ժողովուրդների հետ: 

 «Սիրիական ճգնաժամն անմիջական ազդեցություն ունի Հայաստանի եւ տարածաշրջանում հայկական ներկայության վրա եւ չի կարող մատնվել անտարբերության։ Սիրիայում գործող Հայաստանի մարդասիրական առաքելությունն իրականացվում է  այս մտահոգությունները հասցեագրելու նպատակով», - ասաց նախարարը՝ հավելելով, որ Հայաստանը հետեւողականորեն ընդլայնում է իր ներգրավածությունը նաեւ Ծոցի երկրներում։

 «Հայաստանը մտադիր է զարգացնել իր հարաբերությունները Մերձավոր Արևելքի բոլոր երկրների հետ առանց բացառության՝ հիմնվելով իր արտաքին քաղաքական հռչակված սկզբունքների վրա», - ասաց ԱԳ նախարարը: