Օգոստոսի 26-ին Dvin Music Hall-ում տեղի ունեցավ Առաջին հայկական միջազգային լուսանկարչական փառատոնի (Armenian International Photo Fest) հաղթողների պարգեւատրման արարողությունը:

Իրենց աշխատանքներն էին ներկայացրել 16 երկրներից ընդհանուր ավելի քան 500 մասնակից: Ժյուրին ընտրել էր երեք մասնակցի, որոնք ստացան ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներ:

Արարողությանը մասնակցում էին Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ եւ այլ հյուրեր:

«Թովմասյան» բարեգործական հիմնադրամը, միջոցառման թվային գործընկեր all.me-ն եւ Dvin Music Hall-ը փառատոնի հիմնական գործընկերներից են, որն անցկացվում է Երեւանի քաղաքապետարանի հովանավորությամբ:

Փառատոնի ոսկե մեդալը շահեց Հնդկաստանի ներկայացուցիչ Կաուշիկ Մաժումդերուն՝ «Մրցավազք» լուսանկարի համար: Հայաստանի ներկայացուցիչ Եսայի Դուրմուզյանը Սեւանա լճի լուսանկարի համար ստացավ արծաթե մեդալը, իսկ երրորդ մրցանակը բաժին հասավ Իրանից Մահբոբե Ֆարաջոլլահին:

«Թովմասյան» բարեգործական հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նման միջոցառումները մոտիվացնում են հայ երիտասարդ լուսանկարիչներին: Նա երիտասարդներին կոչ արեց ավելի ակտիվորեն ներգրավվել փառատոներին՝ կազմակերպված լինեն Հայաստանում թե արտասահմանում: «Մեր հիմնադրամն աջակցում է ոչ միայն մշակութային, այլեւ մարզական եւ գիտական միջոցառումներին, չնայած ես ավելի հակված եմ մշակույթն ու գիտությունը աջակցելուն»,- նշեց նա:

Մի քանի հատուկ մրցանակներ շնորհեցին Հայաստանի Ազգային ժողովը, Հայաստանում ԱՄԷ-ի դեսպանատունը, Իջեւանի գինու գործարանը, Profal ընկերությունը եւ Photolure գործակալությունը:

all.me-ի բիզնեսի զարգացման գծով տնօրեն Մարկուս Ազարյանն իր հերթին շեշտեց լուսանկարիչների համար տեխնոլոգիաների կարեւորությունը: Նա ներկայացրեց all.me պլատֆորմի առավելությունները եւ հավելեց, որ լուսանկարիչները կարող են այն օգտագործել ամբողջ աշխարհում իրենց աշխատանքները տարածելու համար, ինչպես նաեւ սեփական բիզնեսի զարգացման համար:

all.me-ն թվային էկոհամակարգ է, որը բաղկացած է սոցիալական ցանցից (meNetwork), առեւտրային հարթակից (meMarket) եւ վճարային համակարգից (mePay): Յուրօրինակ բիզնես մոդելն օգտատերերին թույլ է տալիս հաղորդակցվել միմյանց հետ, կարդալ հետաքրքիր նյութեր եւ վարձատրվել meNetwork-ի արժույթի միջոցով: Պլատֆորմը գովազդային եկամուտների 50 տոկոսը կիսում է օգտատերերի հետ: 

Հետեւեք մեզ all.me սոցցանցում