ԽՍՀՄ ժողովրդական արտիստ եւ «Սովրեմեննիկ» թատրոնի առաջատար դերասան Վալենտին Գաֆտն իրեն ավելի լավ է զգում, վիճակը կայուն է, այս պահին շարունակում է վերականգնվել վերականգնողական կենտրոնում, երեքշաբթի «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է դերասանի կինը՝ Օլգա Օստրումովան:

Դերասանը հոսպիտալացվել էր կաթվածից հետո, նրա վիճակը բավարար էր գնահատվում: Ավելի ուշ «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում դերասանի կինը հայտնել էր, որ նրա ինքնազգացողությունը նորմալացել է, որից հետո նրան տեղափոխել են վերականգնողական կենտրոն:

«Գիտեք, ոչինչ չեմ կարող ասել, բացի այն, որ ամեն ինչ կայուն է: Այդ ամենը չէ՞ որ շատ դանդաղ է ընթանում, հատկապես օրգանիզմի վերականգնումը: Առայժմ վերականգնողական կենտրոնում է պառկած, ամեն ինչ կարգին է»,- ասել էր գործակալության զրուցակիցը:

Գաֆտը թատրոնի եւ կինոյի դերասան է, թատերական ռեժիսոր, բանաստեղծ եւ գրող: 1957 թվականին ավարտել է ՄԽԱՏ-ի դպրոց ստուդիան, խաղացել է Մոսսովետի անվան թատրոնում, Մոսկվայի դրամատիկական թատրոնում, «Լենկոմում», իսկ 1969 թվականից հանդես է գալիս «Սովրեմեննիկի» բեմում: