«Հայաստանում պատրաստվում է նոր նիստ երկրի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով։ Տեղի արդարադատությունն արդեն քանիցս նրան անմեղ է ճանաչել, եւ, չնայած դրան, իշխանությունն անընդհատ նոր պատրվակներ է գտնում, որպեսզի Քոչարյանին պահի ճաղերի հետեւում։ Այժմ անմիջապես դատավորներին են անցել։ Նրանց դեմ քրեական գործեր են հարուցվում, մամուլում հետապնդումներ են իրականացվում»,- ասվում է ՌԵՆ ՏՎ հեռուստաալիքի ռեպորտաժում։

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը մնում է ամենաքննարկվող թեման երկրում։ Քոչարյանն առաջին անգամ ձերբակալվեց մոտ մեկ տարի առաջ։ Դրանից հետո մեղադրական կողմը երեք անգամ պարտություն կրեց։ Տարբեր ատյանների դատարանները երեք անգամ քաղաքական գործչին անմեղ ճանաչեցին։ Նոր իշխանությունն ամեն անգամ փորձում էր նորից ձերբակալել Քոչարյանին, եւ հիմա նա կալանքի տակ է։ Ավելին, կառավարությունը սկսում է պայքարել անմիջապես դատարանների հետ։

Հայաստանի կառավարությունը Քոչարյանին մեղադրում է նույն բանում՝ 2008-ի մարտին մարդկանց զոհվելու մեջ։ Այն ժամանակ ընտրախախտումների դեմ հանրահավաքը վերաճեց զանգվածային անկարգությունների, ամբոխն սկսեց ջարդել եւ այրել մեքենաներ, ծեծել ոստիկաններին։ Քոչարյանը, որն այդ պահին պետության ղեկավարն էր, արտակարգ դրություն մտցրեց եւ կանգնեցրեց ճգնաժամը։ Այդ բողոքներին մասնակցում էր Նիկոլ Փաշինյանը եւ դրա համար բանտարկվեց։ Հիմա, ստացվում է, վրեժ է լուծում, փորձում է հասնել Քոչարյանին մեղադրելուն իշխանության բռնազավթման մեջ։ Անգամ անհեթեթ է հնչում. պետության գործող ղեկավարն իրավունք ուներ, երբ արտակարգ դրության ռեժիմ էր մտցնում։ Այնպես որ, դատարանները փորձում են հանել մեղադրանքը։ Բայց ահա Փաշինյանը թույլ չի տալիս։

«Նախագահները եւ նախկին նախագահը այն բացառիկ պաշտոնատար անձինք են, որոնք ֆունկցիոնալ անձեռնմխելիություն ունեն, իսկ դա նշանակում է, որ այն գործողությունները, որոնք կատարել են նախկին ex officio-ները, այսինքն՝ ելնելով կարգավիճակից, պաշտոնից, նրանք անձեռնմխելի են նման արարքներից»,- ասել է Քոչարյանի փաստաբան Արամ Վարդեւանյանը։

«Հենց այդ մեղադրանքը ցույց է տալիս, որ ըստ էության իշխանության գալով՝ Փաշինյանը որոշեց նոր էջից չսկսել Հայաստանի պատմությունը, այլ սկսել անցած տարիների իրադարձությունների պարզումից»,- կարծում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

Մայիսին Քոչարյանի հերթական ազատ արձակումը վերածվեց դատարանների համատարած շրջափակման։

«Ես փակեցի դատարանների դռները, քանի որ ցանկանում էի ցույց տալ, որ ինձ մարիոնետային դատարաններ պետք չեն»,- ասում էր Փաշինյանը։

Երկրի բարձրագույն Սահմանադրական դատարանը մինչեւ հիմա դիմադրում է Քոչարյանին հետապնդելու փորձերին: Արդյունքում ձեռք բերեց միանգամից երկու նախագահ: Մեկը՝ Հրայր Թովմասյանն է, որն այտեղ է ի սկզբանե: Եվս մեկին՝ Վահե Գրիգորյանին, նշանակեցին վերեւից: Թովմասյանը չի ցանկանում ինքնակամ հեռանալ: Նրա, նրա ընտանիքի անդամների եւ ընկերների դեմ ծավալվել է սեւացնող արշավ, քրեական գործեր են հարուցվում: Սա մտրակ է: Բայց կա նաեւ բլիթ: ՍԴ անդամներին առաջարկում են կամովին հրաժարական ներկայացնել, որ հնարավոր լինի նրանց փոխարինել ավելի կառավարելի մարդկանցով: Գայթակղում են ցմահ, բավականին բարձր թոշակով:

«Մինչ այդ փորձեցին կոշտ ուժով ազատվել Սահմանադրական դատարանի մի շարք դատավորներից: Հիմա զուգահեռ փորձում են առաջարկել փոխզիջումային տարբերակ: Ակնհայտ է, որ մեկ նպատակ է հետապնդվում»,- հայտարարել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:

Սահմանադրական դատարանի անդամներին դուր չեն եկել իշխանությունների առաջարկները: Ասում են, որ եթե համաձայնեն, չեն կարողանա հարգել իրենց:

«Ես երբեք նման կարգի հրաժարականի չեմ գնա: Ես չեմ պատրաստվում հարկատուների հաշվին չաշխատած եկամուտ ստանալ, ես ամբողջ կյանքում աշխատել եմ եւ սեփական աշխատանքով վաստակել»,- ասում է Հայաստանի ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը:

Զինվելով կոռուպցիայի դեմ պայքարի կարգախոսով՝ Նիկոլ Փաշինյանն իրեն է ենթարկել լրատվամիջոցները, օրենսդիր եւ գործադիր իշխանությունը, իսկ հիմա ամեն ինչ տանում է դատարանների անկախության վերացմանը: Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի ե՛ւ դատավորները, ե՛ւ փաստաբանները ասում են, որ սա դեռ վերջը չէ, եւ որ իրենք դեռ պայքարելու են: Երկրորդ նախագահի փաստաբանները հույս ունեն, որ նրա գործով նոր նիստը տեղի կունենա այս հինգշաբթի, եթե հերթական անգամ չհետաձգվի մտացածին պատրվակով: