Կառավարությունն այսօր՝ օգոստոսի 29-ի նիստում որոշեց «Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբ» պետական ոչ առեւտրային կազմակերպության ստեղծագործական, վարչական եւ սպասարկող անձնակազմերին 2019 թվականի օգոստոս-դեկտեմբեր ամիսներին լրավճարներ համար «Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբ» պետական ոչ առեւտարային կազմակերպությանը որպես դրամաշնորհ հատկացնել 57.762 դրամ։

Որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, որը նշեց, որ «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի կողմից երգչախումբը մինչեւ մայիս ամիս ստացել է հովանավորչական գումար՝ աշխատավարձի լրավճարների համար, սակայն նշված ֆինանսավորումը դադարեցվել է 2018 թվականի մայիսի 1-ից, ապա մինչեւ օգոստոս ֆինանսավորումը տրվել է «Իմ քայլը» հիմնադրամի կողմից:

Վարչապետն արձագանքեց, որ այստեղ սկզբունքային եւ գաղափարական հարց կա. «Երբ ասում ենք ՀՀ պետական ազգային ակադեմիական երգչախումբ, անհասկանալի է, թե ինչու այն պետք է ֆինանսավորվի անհատների, բարեգործների կողմից։ Սա վատ տրամաբանություն է։ Պետությունը պետք է իր պարտավորությունները կատարի եւ պայմաններ առաջադրի: Իմ եզրակացությունն այսպիսինն է, որ մենք արվեստին եւ մշակույթին պետք է նայենք որպես մեր տնտեսության ճյուղերից մեկը, իմ ընկալմամբ՝ դա տնտեսության ճյուղ է, որին պետությունն ինչ-որ առումով ֆինանսավորում է եւ պետք է հասկանանք, թե դրա արդյունքում ինչ ենք ստանում։ Այս ոլորտում պետք է հստակ խնդիր դնել՝ մեծացնել թանգարանների, կոլեկտիվների, թատրոնների եկամուտները: Ուզում եմ հստակեցնել՝ սա չի նշանակում, որ պետք է իրենք շահութաբեր լինեն, թեեւ դա էլ ինչ-որ պահի պետք է դառնա խոսակցության նյութ, մենք ասում ենք, որ պետք է եկամուտներն ավելանան, սակայն ցավոք այս սկզբունքը դրված չէ գետ տաղանդավոր կոլեկտիվների հիմքում»։

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ շատ ժամանակ արժեք ստեղծող խմբերը կախված են հովանավորչականբ գումարներից, որը երբեմն հանգեցնում է նրանց բնականոն գործունեության խափանման, փոխվելու է նաեւ դրամաշնորհների կոնցեպտը, հստակ պետք է նշվի դրամաշնորհն ինչ ազդեցություն է ունենալու տվյալ ոլորտի զարգացման վրա:

Նիկոլ Փաշինյանը կարեւորեց այս տարվա առաջին կիսամյակի տվյալները թանգարան այցելուների քանակով.  «Այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով՝ թանգարան այցելուների թիվը աճել է 31 տոկոսով, Հայաստանի թատրոնների այցելուների թիվը՝ 41 տոկոսով: Այս թվերը ցույց են տալիս մի կարեւոր բան, Հայաստանի կառավարության եւ հանրության մեջ կա երկխոսություն, այդ երկխոսությունը տեղի է ունեցել եւ տեղի է ունենում, բոլոր ցուցանիշները, որ ունենք, այս երկխոսության արդյունքն են: Մեր երկրում պետք է բացառել այնպիսի թանգարանների գոյությունը, որտեղ մարդ չի մտնում: Ես համոզվել եմ, որ մեր երկրում կան թանգարաններ, որոնք ճիշտ ներկայացնելու դեպքում այցելուների կիլոմետրերով հերթեր կառաջանան եւ՛ Գյումրիում ե՛ւ Երեւանում, ե՛ւ տարբեր տեղերում։ Եթե կա մի թանգարան որի ղեկավարությունը խնդիրը չի կարողանում լուծել, պետք է փոխել ղեկավարությանը, կլինեն ակցիաներ, ցույցեր, բայց սա ստրագետիական խնդիր է: Պարապությունը որեւէ ոլորտից պետք է բացառել, որտեղ պարապ մարդ տեսանք, պետք է ուղարկենք տուն՝ հանգստանալու»։