«ՏուրՍտատ» տուրիստական պորտալը կազմել է Ռուսաստանից արտագնա տուրիզմի վարկանիշը 2019 թվականի 1-ին կիսամյակի համար եւ համեմատել 2019 եւ 2018 թվականների 1-ին կիսամյակում ռուսաստանցի զբոսաշրջիկների արտասահմանյան ուղեւորությունների թիվը:

Պորտալի տվյալների համաձայն՝ Հայաստանը զբաղեցնում է 22-րդ տեղը 2019 թվականի 1-ին կիսամյակում ռուսաստանցիների 228 հազար տուրուղեւորություններով, ինչը 15 տոկոսով ավելի է, քան 2018 թվականի 1-ին կիսամյակում:

Ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում առաջին տասնյակի մեջ են մտնում Թուրքիան, Աբխազիան, Ֆինլանդիան, Ղազախստանը, Չինաստանը, Ուկրաինան, Էստոնիան, Թաիլանդը, Վրաստանը եւ Գերմանիան:

«ՏուրՍտատ»-ի տվյալներով՝ այս տարի տուրուղեւորությունների թվի աճով Թուրքիան եւ Չինաստանը ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում դարձել են ամենահանրաճանաչ երկրները:

2019 թվականի առաջին վեց ամիսների արդյունքներով ռուսաստանցիների արտասահմանյան տուրիստական ուղեւորությունների թվի աճով երկրների առաջին տասնյակում են մտել՝ Թուրքիան (այս տարի +368 հազար տուրուղեւորություն), Չինաստանը (+169 հազար), Վրաստանը (+147 հազար), Իտալիան (+96 հազար), Ֆինլանդիան (+85 հազար), Ղազախստանը (+84 հազար), Մոնտենեգրոն (+46 հազար), Իսպանիան (+30 հազար), Հայաստանը (+30 հազար) եւ Ֆրանսիան (+25 հազար):

Վարկանիշը կազմվել է ըստ տարվա առաջին վեց ամիսներին Ռուսաստանից արտագնա տուրիստական ուղեւորությունների վիճակագրության վերլուծության արդյունքների:

Տարվա առաջին վեց ամիսներին արտասահման ռուսաստանցիների արտագնա տուրիստական ուղեւորությունների թիվը կազմել է 19 մլն 891 հազար, ինչը 6,7 տոկոսով ավելի է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում՝ 18 մլն 646 հազար ուղեւորություն: