Մամուկա Բախտաձեն այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետի պաշտոնը լքելու մասին, որը զբաղեցնում էր մեկ տարուց մի փոքր ավելի: Որոշման մասին նա հայտնել է Ֆեյսբուքի իր էջում, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն:

«2018 թվականին վարչապետի պաշտոնում իր թեկանծության առաջադրման նպատակը երկրի զարգացման համար ռազմավարական շրջանակի ներդրումն ու ստեղծումն էր, որը հետագա տարիներին կապահովեր պետական նպատակների իրականացումն ու ուղեցույց կդառնար երկրի զարգացման համար: Զարգացման ռազմավարական շրջանակը ներդրվեց, եւ, համապատասխանաբար, ես որոշում ընդունեցի լքել պաշտոնը, քանի որ կարծում եմ, որ ես արդեն իրականացրել եմ իմ առաքելությունը»,- ասվում է Բախտաձեի ուղերձում:

Նույն հրապարակման մեջ Բախտաձեն ներկայացրել է վարչապետի պաշտոնում իր աշխատանքի արդյունքներն արտաքին եւ ներքին քաղաքականության տարբեր ուղղություններով:

«Ինձ համար մեծ պատիվ էր, եւ ես մեծ պատասխանատվությամբ ծառայեցի Վրաստանի վարչապետի պաշտոնում՝ ի շահ մեր երկրի շահերի պաշտպանության: Ես եղել եմ եւ կլինեմ «Վրացական երազանք» կուսակցության անդամն ու մեր երկրի հավատարիմ զինվորը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ նախորդներին եւ հաջողություն մաղթել ապագա վարչապետին»,- ասվում է ուղերձում:

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Բախտաձեին կփոխարինի Վրաստանի ՆԳՆ ղեկավար Գեորգի Գախարիան: Ինչպես ակնկալվում է, ՆԳՆ նոր ղեկավար կդառնա իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական քարտուղար, նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: