«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Երեւանի քաղաքապետարանում աշխատելիս լրագրողների իրավունքներն առավելագույնս ապահովելու համար հանդես է եկել օրենսդրական մի քանի առաջարկով: Այս մասին այսօր ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերով մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ մտցնելու մասին օրինագծի քննարկման ընթացքում հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

Նրա խոսքով՝ առաջարկվում է չեղարկել լրագրողների հավատարմագրման պահանջը, քանի որ դա հակասում է ԶԼՄ-ների մասին օրենքին, եւ քանի որ օրենսդրությունում տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատելիս լրագրողների հավատարմագրման մասին պահանջ չկա:

Պատգամավորը նաեւ նշել է, որ առաջարկվել է նաեւ փոփոխություններ կատարել Երեւանի ավագանու խորհրդի նիստը լուսաբանելիս լրագրողների ազատ աշխատանքն ապահովելու համար:

«Աշխատանքի համար լրագրողներին հատուկ վայր է հատկացվել, սակայն այն գտնվում է նիստերի դահլիճից դուրս, ինչը խոչընդոտում է հենց նիստի առավել օբյեկտիվ լուսաբանմանը: Մենք համաձայնության ենք եկել այն մասին, որ ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար հատուկ տեղ կհատկացվի, որը կլինի նիստերի դահլիճին մոտ, սակայն կմնա փակ թափանցիկ արգելապատնեշով: Այդպիսով, լրագրողները հնարավորություն կունենան ավագանու նիստերին անմիջական մասնակցություն եւ տեսադաշտ ունենալ»,- նշել է պատգամավորը:

Հանձնաժողովը տվյալ օրինագծին դրական եզրակացություն է տվել, այն ներառվել է ԱԺ լիագումար նիստերի օրակարգում: