«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հայտարարություն է տարածել Արցախի Անկախության 28-րդ տարեդարձի կապակցությամբ։

«Արցախ նահանգը հայ ազգի ծագման եւ զարգացման բնօրրանի կարեւոր մասն էˋ հայոց հինավուրց պետականության քսան նահանգներից մեկը, մեր ներկայիս պետականության հիմքը եւ առանցքը: Մեր կորուսյալ Հայրենիքի ազատագրման ճանապարհին կարեւորագույն ամրոց:

Աշխարհասփյուռ հայության ազատագրական պայքարի, իղձերի տեսանելի ապացույց: Այսօր մենք հայ ազգի երջանիկ սերունդն ենք` մենք վայելում ենք մեր պապերից ժառանգած Արցախ հայրենիքը, սակայն ուշացնում ենք ազատագրված Արցախի շենությունը: Արցախի Արաքսյան հովտում դեռ չեն լսվում հայ մանուկների զրնգուն ձայները, Տիգրանակերտում դեռ չենք հիմնել հայագիտական համալսարան, Քարվաճառը դեռ չենք դարձրել զբոսաշրջության կենտրոն եւ մեզ չեն վերադարձրել լիարժեք Արցախի նկատմամբ մեր ազգային քաղաքական մանդատը: Արցախը հայ ազգի քաղաքական ծրագրի հիմքն է: Այստեղից է սկսվում հայոց անկախ պետականության  եւ հայ ազգի քաղաքական վերածնունդը»,–նշված է տեքստում: