Ամերիկացի կոնգրեսականները Արցախի նախագահին շնորհավորել են հանրապետության Անկախության օրվա առիթով: Իր թվիթերյան էջում շնորհավորական նամակը հրապարակել է կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն:

Նամակը ստորագրած կոնգրեսականների թվում են Ադամ Շիֆը, Ջեքի Շփիրը, Պիտեր Թ.Քինգը եւ Գուս Բիլիրաքիսը:

«Արցախը տարածաշրջանում ժողովրդավարության եւ ազատության օրինակ է, եւ մենք նախկինի պես հույս ունենք, որ ձեռք կբերվի հաստատուն խաղաղություն, որը Արցախը հայկական կպահպանի»,- նշել է Փալոնեն:

Նամակում նշվում է, որ Արցախն, անվիճելիորեն, վաստակել է ԵԱՀԿ ՄԽ բանակցային գործընթացին մասնակցելու իրավունքը՝ լինելով տարածաշրջանում ժողովրդավարության եւ ազատության օրինակ: «Մենք հուսով ենք, որ Ձեր երկիրը մոտ ապագայում կներգրավվի այդ բանակցություններին... Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ Արցախի տնտեսության եւ ժողովրդավարության զարգացմանը եւ կշարունակենք նրա պաշտոնական ճանաչման կոչ անել»,- նշված է նամակում: