Ամերիկյան The Gateway Foundation ընկերությունը մշակում է աշխարհում առաջին տիեզերական հյուրանոցը, որում կարող է ավելի քան 400 մարդ տեղակայվել, հաղորդում է Planet-today-ը:

Այն կանվանվի գերմանացի գիտնական Վերներ ֆոն Բրաունի պատվին:

Տիեզերակայանը հետագայում կարող է ընդլայնվել, քանի որ դրա վրա տեսականորեն կարող են հազարավոր տիեզերական զբոսաշրջիկներ բնակվել: Առաջին փուլում ուղեծրում բնակությունը թանկ կլինի, սակայն տիեզերք տեխնոլոգիաների մատակարարման զարգացման հետ մեկտեղ գները կնվազեն:

Ենթադրվում է, որ Von Braun Space Station հյուրանոցը կբացվի 2025թ. եւ սկզբնապես նախատեսված կլինի մոտ 100 մարդու համար: The Gateway Foundation ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ այն հարմարավետ կռուիզային նավ կհիշեցնի:

«Մոռացեք տիեզերակայանների մասին, որոնք տեսել եք, օրինակ, «2001 թվականի տիեզերական ոդիսականը» Սթենլի Կուբրիկի կուլտային ֆիլմում: Մեր նախագիծն ավելի անվտանգ է եւ հարմարավետ»,- ասում են ընկերության ներկայացուցիչները՝ նշելով, որ առաջին մի քանի տարում տիեզերական հյուրանոցը կընդունի միայն հարուստ մարդկանց, սակայն հետագայում ավելի հասանելի կդառնա:  

Տիեզերական հյուրանոցը կհիմնվի մոդուլային սկզբունքի վրա, եւ այդ պատճառով արագ կզարգանա եւ կընդլայնվի: Նախագծի հեղինակներն ասում են, որ տիեզերակայանը նույնիսկ կկարողա պարծենալ արհեստական ձգողականությամբ: