Հայաստանը ԵՏՄ անդամ է, համաձայնագիր ունի Եվրոպական միության, առեւտրային արտոնություններ ԱՄՆ-ի հետ եւ այլն։ Բայց այլ հարց է, թե ինչպես է Հայաստանն օգտվում այդ առավելություններից։ Այս մասին սեպտեմբերի 3-ին խորհրդարանի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ մասամբ դա պայմանավորված է այն ընկալմամբ, որ ԵՏՄ-ն Հայաստանի համար մի ինչ-որ այլածին օբյեկտ է, որից հարկավոր է «ինչ-որ բան պոկել»։ «Մենք պետք է գիտակցենք, որ դա միակ կառույցն է, որտեղ մենք լիիրավ տեր ենք, ճիշտ այնպես, ինչպես եւ միության մյուս անդամ պետությունները։ Այսինքն՝ մենք մեկն ենք այն հինգ պետություններից, որոնք կարող են որոշումներ ընդունել։ Առանց մեր մասնակցության այնտեղ ոչ ոք որոշում ընդունել չի կարող»,- ավելացրել է Քոչարյանը։

Նա նշել է, որ հայկական կողմն այնտեղ «զգալի ներկայություն» ունի, ինչի շնորհիվ կարող է առաջ տանել իր շահերը։

Նշենք, որ նիստին մասնակցում են Հայաստանի դեսպանները ԵՏՄ անդամ պետություններում, ինչպես նաեւ Իրանում, Չինաստանում եւ Մոնղոլիայում։