Մենք արդեն բազմիցս հերքել ենք այդ տեղեկատվությունը. ներկայումս փորձ է արվում պետական կառույցի կողմից արդեն իսկ հերքված տեղեկատվությունը վերստին շրջանառել նոր մտացածին մանրամասներով, որոնք նույնպես չեն համապատասխանում իրականությանը՝ այդպիսով ձեւավորելով մի քանի շերտից բաղկացած կեղծ լուր: Այս մասին Aysor.am-ին հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով տեղեկությանը, ըստ որի՝ ԱՄՆ կառավարությունը ՀՀ իշխանությունների առջեւ պահանջ է դրել՝ հանել զորախումբը Սիրիայից եւ այդ հարցով քննարկում է տեղի ունեցել:

«Սիրիայի հայ համայնքի անվտանգությանը եւ վերջինիս տրամադրվող աջակցությանն առնչվող հարցերի անհիմն շահարկումը նեղ անձնական շահերից ելնելով համարում ենք անընդունելի:

Թեմայից դուրս, պարզապես հավելեմ, որ անվտանգության ոլորտում աշխատող գերատեսչությունները եւ դրանց ղեկավարները մշտական խորհրդակցության մեջ են տարբեր հարցերի շուրջ, ինչի մասին բազմիցս նշվել է նաեւ այդ գերատեսչությունների ղեկավարների կողմից»,-ասել է Նաղդալյանը: