Դուշանբեի պայմանավորվածություները գործում են. ես արդեն դա Դուշանբեի պայմանավորվածություն չեմ անվանի, դրանից հետո եղել են հանդիպումներ եւ այդ հանդիպումների շրջանակում միշտ երկու երկրների ղեկավարները պայմանավորվում են պահպանել հրադադարը, որը մեզ կողմից այս պահին պահպանվում է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով Դուշանբեում Փաշինյան-Ալիեւ պայմանավորվածությանը:

Դիտարկմանը, թե քննարկվել է նաեւ երկու երկրների միջեւ զինուժի հրամանատարական կազմի մեջ օպերատիվ կապ ստեղծելու հնարավորությունը, Դավիթ Տոնոյանն ասաց. «Քննարկվել է այդ հարցը, դեռեւս որոշում չի կայացվել»:

Նախարարը անդրադարձավ նաեւ ԱԺ նախագահ Արարտ Միրզոյանի գրառմանը, թե Չինարին այլեւս չի կարող գնդակոծվել. Հայաստան մտնող գազամուղի անվտանգությունը եւս ապահովված է։

«Մենք շատ տեղեր ունենք, որոնք այլեւս խոցելի չեն: Աշխարհագրությունը շատ մեծ է, կոնկրետ բնակավայրի վերաբերյալ եղել է մեր ՊՆ-ի մեկնաբանությունը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հայկական զինված ուժերի հերթական ձեռքբերմանը:

Չինարին այլեւս չի կարող գնդակոծվել. Հայաստան մտնող գազամուղի անվտանգությունը եւս ապահովված է։

Փառք հայ զինվորին։ Փառք Հայոց բանակին»,-գրել է նա:

Ավելի վաղ նույն խնդրին անդրադարձել է նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը՝ մասնավորապես նշելով. «Մերոնք դիրքեր են գրավել, 140 հա, երեք գլխավոր ստրատեգիական բարձունքներ, որտեղից Չինարի գյուղը, հայ վրացական գազատարն ու ճանապարհն ուղիղ նշանառության տակ էին։

Չինարի գյուղի մոտ գտնվող Խորանաշատ վանքը 13-րդ դարի, որը չէր գործում, քանի որ ճանապարհը վտանգավոր էր, այսուհետ կբացվի, այլեւս ՀՀ զինուժն է ճանապարհը վերահսկում»: