Մեծ Բրիտանիայում զբոսաշրջիկներին էքսկուրսիոն ծրագիր կառաջարկեն, որի շրջանակում նրանք կկարողանան գիշերել լքված Շեփթոն-Մալլեթ բանտում (բացվել է 1625թ.), հաղորդում է «Մոյա պլանետա»-ն՝ հղում անելով Mirror-ին:

Բանտը փակվել է 2013թ. եւ սկսել է զբոսաշրջիկների ընդունել 2017թ.: «Բանտային» տուրը կներառի բանտարկյալների կյանքի իմիտացիա, ներառյալ՝ գիշերակաց բանտախցում, իսկ առավոտյան՝ ջրով շիլա: Նշվում է, որ ծրագիրը կսկսվի հոկտեմբերի 18-ին եւ կավարտվի Հելոուինին:

Շեփթոն-Մալլեթ բանտում բազմաթիվ մահապատիժներ են տեղի ունեցել, բանտի տարածքում մարդասպանների եւ հայտնի բանդիտական խմբավորումների անդամների անանուն գերեզմաններ կան: 1939-ին այն ռազմական բանտ դարձավ եւ օգտագործվում էր ԱՄՆ բանակի կողմից: Bump in the Night-ի աշխատակիցը, որն անձամբ եղել է նախկին բանտում, ասել է, որ բանտում սարսափելի է. «Անհասկանալի քայլեր են լսվում, դռներն ինքնուրույն փակվում են: Մեկ անգամ իմ գործընկերը վեր թռավ աթոռից եւ վազեց դեպի սենյակի ծայրը, սակայն այդ պահին մենք երկուսով էինք, եւ ես ոչինչ չէի լսել»: