ՄԱԿ-ն հատուկ արտակարգ ֆոնդից 1 մլն դոլար կհատկացնի Բահամյան կղզիներին, որոնք տուժել են «Դորիան» մրրիկից: Այս մասին ՄԱԿ գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Մարկ Լոուկոկը հայտնել է Բահամյան կղզիների ղեկավարության հետ հեռախոսային զրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Իմ տնօրինության տակ գտնվող արտակարգ ֆոնդից ես անմիջապես 1 մլն դոլար եմ հատկացրել»,- ասել է նա: Նրա խոսքով՝ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը արդեն դիմել է բոլոր երկրներին՝ կոչ անելով միջոցներ հատկացնել մրրիկից տուժածներին օգնելու համար: «Առայժմ դժվար է ասել, թե կոնկրետ որքան միջոց հարկավոր կլինի: Այս պահին մենք կենտրոնացել ենք սնունդ հասցնելու եւ առանց տանիքի մնացած մարդկանց տեղավորելու հարցերի վրա: Այնուհետեւ կանցկացվի ավերածությունների չափերի գնահատումը»,- ասել է նա:

ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը նշել է, որ այս պահին հստակ չէ, թե կոնկրետ քանի մարդ է տուժել կամ իր տնից զրկվել: «Մենք վախենում ենք, որ որոշ գյուղեր ամբողջութամբ ավերվել են կամ ջրի տակ են, որոնց հասնել առայժմ չենք կարողանում՝ աղետի ամբողջ ծավալը գնահատելու համար,- պարզաբանել է նա: - Մեր գնահատականներով՝ մոտ 70 հազար մարդ անհապաղ օգնության կարիք ունի»:

Նա նշել է, որ Բահամներում իրավիճակը, որն իր աչքերով է տեսել, վշտացնող է: «Ճանապարհները վերացել են, օդանավակայանների մեծ մասը չի գործում, ինչը մեծ խնդիրներ է ստեղծում տուժած շրջաններ պարենամթերք եւ խմելու ջուր հասցնելու համար,- հայտնել է Լոուկոկը: - Որոշ վայրեր կարելի է հասնել միայն ուղղաթիռով, բայց ուղղաթիռների վերամբարձ հնարավորությունները սահմանափակ են: Ամբողջ պատմության մեջ Բահամյան կղզիներն այսպիսի բան չէին վերապրել»:

Բահամյան կղզիներում «Դորիան» փոթորկին զոհ է գնացել նվազագույնը 6 մարդ, մոտ 13 հազար կառույցներ վնասվել են կամ ավերվել: Bloomberg-ի տեղեկություններով՝ Մեծ Բահամա կղզին, որտեղ բնակվում է մոտ 50 հազար մարդ, 70 տոկոսով ջրածածկ է եղել: Մեծ Բահամի եւ Աբակոյի բոլոր նավահանգիստները եւ օդանավակայանները ջրածածկ են եղել կամ վնասված են, ինչը դժվարացնում է մարդկանց տարհանումը:

ԱՄՆ Փոթորիկներին հետեւելու ազգային կենտրոնի տվյալներով՝  մրրիկը Ֆլորիդայի ափերից 180 կմ հեռավորության վրա է եւ 2,5 մ/վ արագությամբ սուրում է հյուսիսարեւմտյան ուղղությամբ: Մրրիկի սահմաններում քամու արագությունը հասնում է 48,6 մ/վ: