ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Իրանի կառավարությանը կոչ է անում մահապատժի կիրառման մորատորիում հայտարարել, նշված է նրա՝ «Մարդու իրավունքների դրությունը Իրանում» թեմայով զեկույցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Զեկույցը տեղեկություններ է պարունակում, որոնք ստացվել են Իրանի կառավարությունից, պետական լրատվամիջոցներից, ՀԿ-ներից, բաց աղբյուրներից եւ մահապատժի դատապարտվածների, ինչպես նաեւ նրանց ազգականների ու փաստաբանների հետ անհատական զրույցներից: Զեկույցում նշվում է, որ 2018 թվականի նոյեմբերից 2019 թվականի մայիս Իրանի կառավարությունը դրական փոխգործակցություն է հաստատել ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության հետ: Վարչության ներկայացուցիչները 2019-ի մարտին այցելել են Թեհրան եւ հանդիպումներ ունեցել՝ երկրում մարդու իրավունքների ոլորտի իրավիճակը, ներառյալ անչափահասների շարունակվող մահապատիժները քննարկելու համար:

«Գլխավոր քարտուղարը կառավարությանը կոչ է անում վերացնել պարտադիր մահապատիժը եւ դրա կիրառման մորատորիում հայտարարել, արգելել ցանկացած հանգամանքի դեպքում անչափահաս իրավախախտների մահապատիժը»,- նշված է Իրանի կառավարությանն ուղղված հանձնարարականներում:

Զեկույցում նշված է, որ Իրանում մահապատիժը շարունակվում է կիրառվել որպես հանցագործությունների պատժամիջոց, «որոնք չեն պարունակում դիտավորյալ սպանության տարր, ինչպես նաեւ հանցագործությունների համար, որոնց սահմանումը լղոզված բնույթ ունի»: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է այնպիսի հանցագործություններին, ինչպես «իֆսադ-ֆի-լ-արզը» (երկրում սրբապղծության տարածումը) եւ «մոհարեբեն» («Բարձրյալի հանդեպ թշնամական գործունեությունը», որը կառավարությունը մեկնաբանում է որպես հանցավոր արարք մահաբեր զենքի օգտագործմամբ այլ անձանց կամ ընդհանրապես հանրության դեմ):

ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունը տեղեկություններ է ստացել այն մասին, որ 2018 թվականին առնվազն 253 մարդ մահապատժի է դատապարտվել: Զեկույցի հեղինակների տվյալներով՝ սա զգալիորեն ավելի քիչ է, քան 2017 թվականին, «երբ գրանցվել էր մահապատժի առնվազն 427 դեպք»:

«Մահվան այդ դատավճիռներից առնվազն 38-ը կայացվել է «իֆսադ-ֆի-լ-արզ»-ի եւ «մոհարեբե»-ի հանցագործությունների պատճառով։ 79 մահապատժից 59-ը ի կատար է ածվել 2019 թվականի հունվարի 1-ից մինչեւ մայիսի 31-ը»,- նշում են զեկույցի հեղինակները։ 2018-ին մահապատիժների թվի կրճատումը՝ 2017 թվականի համեմատ, հեղինակները կապում են թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին օրենքում 2017 թվականի նոյեմբերին լրացում մտցնելու հետ։ Թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար 2018 թվականին մահապատժի է ենթարկվել 24 մարդ, այն դեպքում, երբ 2017-ին գրանցվել է 231 նման մահապատիժ, ասված է փաստաթղթում։

Զեկույցը կազմողները հիշեցնում են, որ Իրանը ինչպես Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների միջազգային պակտի, այնպես էլ Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի մասնակից է, որոնք արգելում են մահապատիժ իրականացնել այն հանցագործությունների համար, որոնք կատարել են 18-ը չլրացած անձինք։ Այնուամենայնիվ, հեղինակներն ընդգծում են, որ Իրանի քրեական օրենսգրքում «մահապատիժը պահպանվում է 9 լուսնային տարեկանից ոչ պակաս աղջիկների եւ 15 լուսնային տարեկանից ոչ պակաս տղաների համար «կիսաս» (պատիժ, որը ծանրությամբ հավասար է կատարած հանցագործությանը) կամ «խուդուդ» (սպանություն եւ ամուսնական անհնազանդություն) կարգի հանցագործությունների դեպքում։

«Ցանկացած մահապատիժ, որը տրվում է այս դրույթների հիման վրա 18-ից երիտասարդ մարդկանց համար, վերոնշյալ արգելքի խախտում է»,- ասված է փաստաթղթում։